«Այս պահին մենք միասին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր, 96 ժամ առանց դադարի, առանց քնելու, առանց աշխատանքի գնալու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք», — հայտարարեց Բագրատ սրբազանը: — «4 օր, 96 ժամ այս նույն բազմությամբ և ավելի շատ խոստանում եմ ձեզ հասնել մեր ուզածին»:

«Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների մնացած տարբերակները», — ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ընդամենը 4 օր, 96 ժամ՝ և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը՝ պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով», — հայտարարեց Բաբկեն սրբազանը:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 11-ին ժամը 16:30-ին նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ կառավարության հրաժարականի եւ նոր խորհրդարան ձեւավորելու օրակարգով։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը։

Նա դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30 նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: «Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», — ասաց Բագրատ արքեպիսկոպոսը:

«Մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել: Մենք վճռական ենք: Ես զոհասեղանին դրել եմ ամեն ինչ, ինչ ունեմ, այո, զոհաբերել եմ, ամեն ինչ: Ժողովուրդ, ուզում եմ տեսնել՝ դուք որքանով եք վճռական», — հայտարարեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

«Հիմա կամ երբեք», — հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոսը:

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, Բագրատ արքեպիսկոպոսը պնդեց, թե «այս պայմանագիր կոչվածը բացարձակ կապ չունի խաղաղության հետ, այն ուղղակի առնչված է մեր գոյության և մեր՝ որպես հայություն ոչնչացման հետ»:

«Այս պայմանագրով ոչ մեկ հարց չի լուծվում, ադրբեջանական ուժերը մեր տարածքներից դուրս չեն գալիս, որևէ կերպ չի զսպվում Ադրբեջանի նոր հարձակումները, փոխարենը՝ վավերացվում են ուժի սպառնալիքով թշնամու ձեռքբերումները: Սա ոչ թե խաղաղության, այլ միակողմանի նոր զիջումների փաստաթուղթ է, որը նոր և ծանր հարված է մեր պետականությանը, ինքնիշխանությանը և ինքնությանը», — ասաց Բագրատ սրբազանը: Նրա խոսքով՝ այդ պահանջները վերջ չունեն, և Հայաստանի իշխանությունները պատրաստ են դրանք բոլորը բավարարել, «միայն թե իրենց աթոռը կարողանան պահել»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest