Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի փրկության» ընդդիմադիր շարժման հանրահավաքը։ Կազմակերպիչները հայտարարում են, որ այս հանրահավաքով մեկնարկում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման վերջնական փուլը:
Հավաքվածներին ողջունեց Բագրատ արքեպիսկոպոսը, ապա ելույթ ունեցավ փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքով շխանությունները բազմաթիվ միջոցներով ճնշում են մարդկանց։ Նա խոսեց ցուցարարների դեմ ոստիկանների բռնությունների մասին, պնդեց, որ Հայաստանում մարդիկ հետապնդվում են քաղաքական հայացքների համար: Մելիքյանը ցույց տվեց մի կարմիր բերետ և ասաց, որ այն հինգ իրավապաշտպանների անունից ուղարկելու է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, որը, նրա խոսքով, «հիանալի պաշտպանում է կարմիր բերետների իրավունքները»:
«Հիմա տեսնում ենք, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ այս մեկ ամսվա ընթացքում ունենք նոր քաղբանտարկյալներ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան․ մարդիկ իրենց ավտոմեքենաները բերել, հասցրել են Հայաստան, ստացվում է, որ պետք է թողնեի՞ն ավտոմեքենաները։ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյան, Գանձասարից Նարեկ Թևոսյան, այն հայտնի 2200 դրամի կոշիկի պատմությունն է, Արսեն Վարդանյան՝ Վայքից, Արսեն Վարդանյան, Գնել Պետրոսյան, Ժորա Ավետիսյան, Գագիկ Համբարձումյան»,- նշեց փաստաբանը։
Անդրադառնալով ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ գործադրելուն՝ փաստաբանն ասաց․ «Մի հոգի ոստիկան պատասխանատվության կանչվե՞ց, թե՞ ոչ։ Քանի դեռ մի ոստիկան չի կանչվել պատասխանատվության, քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում՝ ձերբակալում և կալանավորում ապօրինի է, քանի որ տարբերակված մոտեցում է կիրառվում»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: