Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում սկսվել է Սամվել Վարդանյանի գործով դատաքննությունը։ Հունիսի 7-ին դատարանը քննում էր Վարդանյանի խափանման միջոցի հարցը։ Դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։
Հիշեցնենք՝ Սամվել Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի՝ խուլիգանության և ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակայնորեն ատելության խոսք արտահայտելու հատկանիշներով։ Ապրիլի 15-ին Քրիստափոր–Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ նա «ՔՊ»-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին անվանել էր թուրք և բազմաթիվ ուղեւորների ներկայությամբ պարսավանքի էր ենթարկել, իսկ Ասլանյանը հարվածել էր նրան, թեև ասում է, որ ընդամենը հրել է երիտասարդին։ Հետագայում, ձերբակալությունից հետո տղային դաժանաբար խոշտանգել էին։
Դավիթ Արղամանյանը դատավորներից միակն է, ով նախկինում հարել է «Իմ քայլը» դաշինքին։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթով անցնում էր Երևանով, ապագա դատավորը «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր խփում։ Հետագայում նա աշխատել է որպես ՏԿԵ արդեն նախկին նախարար Սուրեն Պապիկյանի օգնական։
Հաշվի առնելով այս հանգամանքը, Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նախորդ նիստում ինքնաբացարկի միջնորդություն էր արել դատավորին, քանի որ գտնում է՝ նման քաղաքական անցյալ ունեցող դատավորը չի կարող անկողմնակալ և անաչառ լինել ՔՊ-ական պատգամավորին առնչվող գործով։ Սակայն Արղամանյանը նիստի ժամանակ ասել է, որ Մելիքյանի նշած հանգամանքը իրեն չի խանգարի արդար որոշում կայացնելու հարցում։
Այսօրվա նիստում ակնհայտ դարձավ, որ պաշտպանական կողմի մտավախությունը հիմնազուրկ չէր։ Ռուբեն Մելիքյանը Forrifghts.am-ին հայտնեց, որ Վարդանյանի խափանման միջոցի քննարկման ժամանակ դատավորն ավելի խիստ էր, քան նույնիսկ դատախազը, և ինքն է առաջարկել քննել տուժող պատգամավորի վրա հնարավոր ազդեցության հարցը։
«Դատախազը չէր խոսում տուժողի վրա ազդեցության ռիսկի մասին։ Այդ մասին խոսում էր դատավոր Արղամանյանը։ Դատախազը իր միջնորդությունն անելիս, ընդամենը ասեց, որ Սամվելը կարող է ազդել ավտոբուսի վարորդի վրա։ Իմ պատկերացմամբ նման ռիսկ գոյություն չուներ, մենք այդ մասին խոսեցինք, բայց դատավորը սեփական նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձրեց նաև տուժողի վրա հնարավոր ազդեցության հարցը։ Վերջում էլ, երբ որոշումը կայացրեց, ասեց, որ կալանքի հիմք էլ կա, բայց հաշվի առնելով, որ խոշտանգման առևերևույթ հատկանիշներ են առկա, ինքը չի տանում կալանքի» — ասում է Ռուբեն Մելիքյանը։
Դատարանը հրաժարվել է անգամ մեղմացնել Սամվել Վարդանյանի տնային կալանքի սահմանափակումները։ Բանն այն է, որ Սամվել Վարդանյանը իր տան որոշ հատվածը վարձով է տալիս, իսկ կիրառվող սահմանափակումներով նրան արգելված է որևէ անձի տանը ընդունել, օգտվել ինտերնետից, հաղորդագրության միջոցներից, և այլն։ «Միակ տարբերությունը կալանքից այն է, որ նա ոչ թե Նուբարաշեն, այլ «Սամվելենց տուն» ՔԿՀ — ում է», — ասում է փաստաբանը։
Նա համաձայն չի դատական ակտի հետ և պատրաստվում է բողոքարկել այն։
Զրուցեցինք նաև Վարդանյանի մյուս փաստաբանի՝ Վարազդատ Հարությունյանի հետ, որը նրա շահերն է պաշտպանում խոշտանգման գործով։
Փաստաբանը Forrights.am-ին հայտնեց, որ այս գործով որևէ նորություն չկա։ «Առերեսումներ, այլ քննչական գործողություններ արվել են, սակայն մեղադրանք չի ներկայացվել։ Սամվել Վարդանյանի վերքերը լավացել են », — ասաց նա։
Ինչպես հայտնի է, ավտոբուսային միջադեպին իսկական քրեական թրիլլեր էր հետևել։ Վարդանյանին ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ուղեկցող ոստիկանները իջել էին մեքենայից, ասելով, թե գնում են բնական կարիքները հոգալու, ապա եկել էին սև հագուստներով դիմակավորված անձինք, դուրս էին բերել ձեռնաշղթաներով կաշկանդված Վարդանյանին և դաժանորեն ծեծել ու խոշտանգել նրան։
Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը դեպքից հետո ԶԼՄ-ներին ներկայացրեց խոշտանգման սարսափելի մանրամասները․ «Դիմակավորված, սև հագնված անձինք՝ Սամվելը երեք հոգու է ֆիքսել, մեքենայից դուրս են հանում նրան, 3 մետր այն կողմ են տանում, նրան չոքացնում են գետնին, խոտերի վրա, գլուխը հարվածում են գետնին, սկսում են նրան ձեռքերով հարվածել։ Ամբողջ այդ պրոցեսը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, ամենավերջին խոսքերով։ Ծեծողները պահանջում են, որ նա կրկնի իր վերաբերյալ այդ սեռական հայհայնքները։ Նա, բնականաբար, ըմբոստանում է էդ ամեն ինչի դեմ, թքում են նրա վրա, այնուհետև չոքած վիճակում տաբատը իջեցնում են։ Այդ ողջ ուղեկցման ընթացքում ձեռքերը ձեռնաշղթայված են եղել, ընդ որում ձեռնաշղթաների տեղը ուռած է եղել, նեղ են գցված եղել ձեռնաշղթաները։ Տաբատը իջեցրել են, փայտով, կամ մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում, ցանկանալով ինչ որ բան ցուցադրել, սպառնալ»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: