Երեկ ՀՀ Ազգային ժողովում, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում էր 2023 թ․ բյուջեի՝ արտաքին կապերի ոլորտի կատարողականը, հետաքրքիր բանավեճ ծավալվեց Արցախի մասին։ Ամենագլխավոր հարցը՝ Արցախի հանդեպ իրավասության եւ արցախցիների իրավունքների համար պատասխանատվության հարցն էր, որն այդպես էլ անպատասխան մնաց։

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները Միրզոյանին մեղադրական հարցեր էին տալիս, ի պատասխան Միրզոյանը մեղադրում էր «նախկիններին», որոնք 2023 թ․ «հեղաշրջում» են արել Արցախում, արդյունքում հանձնել այն։

«Ես ուզում եմ հիշեցնել՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանը փաստացի Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներն էր հանձնում։ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված Արցախի ինքնիշխան հսկողության տակ գտնվող տարածքներն էր հանձնում», ասել է Արծվիկ Մինասյանը։ «Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի պաշտպնության հանձնառությունը ստանձնել էիք դուք, եւ այդ խոստումը կար նաեւ 2021 թվականի նախընտրական ծրագրում՝ դեօկուպացիայից սկսած, ավարտված ճանաչման գործընթացով։ Այնուհետեւ նշաձողն իջեցնելու հեղինակն ո՞վ էր, մե՞նք էինք, Նիկոլ Փաշինյանն էր։ Ձեր քաղաքական թիմն էր, որ շրջափակված, ցեղասպանության ենթարկվող ժողովրդի մասով հայտարարում էր, որ ՀՀ-ն չի կարող միջամտել, եւ այնտեղ ֆիզիկական ոչնչացում չի սպառնում», շարունակել է նա։

Հիմա, երբ Արցախը հայաթափված է, ցեղասպանաված է Արցախի ժողովուրդը, երբ հայկական ժառանգությունը ոչնչացվում է ամեն օր, ինչպե՞ս եք պաշտպանել Արցախի եւ հայ ժողովրդի ժառանգությունը 2023-ին, ասաց Արծվիկ Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ 2023-ի մայիսի 5-ին Փաշինյանւ «ճանաչեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը։ Հետո տեղի ուենցավ Արցախի հայաթափումը եւ բռնակցումը»։ «Դուք ասացիք՝ Արցախն Ադրբեջանի մաս է, Ադրբեջանն ասաց՝ ինչ կուզեմ, կանեմ, դուք էլ ասացիք՝ ձեռքներս լվանում ենք», ասաց նա։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Սա երեւի նոր ձեւ է՝ քողարկելու այն հեղաշրջումը, որին ձեր ուժը մասնակցում էր այնտեղ։ Ես հիշում եմ, որ երբ այդ շրջանում մենք ասում էինք՝ պետք է գնալ, երկխոսել, հասկանալ, թե ինչ զիջումներ կարող են արվել, ձեր մասնակցությամբ այնտեղ խորհրդարանը ծովից ծով Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւեր էր ընդունում ու հռչակում»։

Արարատ Միրզոյանը ասաց․ «Որ ասում եք՝ վերադարձ ԼՂ, խնդրում եմ մանրամասնեք, թե դուք ի՞նչ նկատի ունեք ԼՂ վերադարձ ասելով՝ մասնավորապես կենտրոնանալով հետեւյալ քայլերի վրա՝ ի՞նչ պայմաններում եք առաջարկում, որ ԼՂ հայերը վերադառնան, արդյոք դրանք այն պայմաններն են, որոնք առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է, դուք ի՞նչ եք ուզում։ Եթե դա անկախ ԼՂ-ն եւ այն ստատուս քվոն է, որը կար 2019 թվականին, դուք հասկանո՞ւմ եք դա եւ պատրա՞ստ եք արդյոք դա անել առնվազն 4000 զոհի գնով։ Առաջարկ արեք հանրությանը, մեզ քննադատում եք, լավ եք անում, բա դուք ի՞նչ եք առաջարկում, հերթական պատերա՞զմ։ Դուք կարո՞ղ եք կողմնորոշվել՝ հիմա պետք է զոհվել եւ տարածքներ գրավել, թե՞ պետք է չզոհվել»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի լավագույն սկզբունքների հիման վրա հռչակել էր իր անկախությունը, ՀՀ-ն էլ հանձնառու էր աջակցել ու դառնալ առաջամարտիկը՝ ճանաչելու ԼՂՀ-ն։ « Մենք դիտարկում ենք արցախցիների վերադարձը շատ պարզ՝ միջազգային իրավունքին համապատասխան, ոչ թե ռազմական գործողություններն առաջ մղելով։ Այո, միջազգային իրավունքների ու երաշխիքների ներքո Արցախի ժողովուրդը հետ վերադառնալու, իր պատմական հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա, այդ երաշխիքներով որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

«Ասում եք՝ Արցախի ինքնավարություն։ Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք այն պահին եւ պայմաններում, երբ ԼՂ-ում այլեւս հայեր չկան։ Երբ ԼՂ-ում հայեր կային, եւ մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը եւ խոսել այդ հարցերի մասին, մեզ ասում էին՝ դավաճան, թուրք, պիղծ։ Բա դուք ինչո՞ւ ավելի շուտ չէիք ասում՝ ինքնավարություն»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։

Այս պարզ երկխոսության մեջ մի բառ անգամ չկար այն մասին, թե ի՞նչ են ուզում արցախցիները, ինչո՞ւ նրանք չհամաձայնվեցին Փաշինյանի կառավարության կողմից «ճանաչված» Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի առաջարկներին՝ գնալ զիջումների, «ինտեգրվել», մի քանի հարյուր տղամարդ «հանձնել» Ադրբեջանին, որը Իվանյանում արդեն ֆիլտրացիոն ճամբար էր սարքում։

Մի բառ չկար, թե ինչո՞ւ արցախցիները չեն սատարում Վարդան Օսկանյանի նախաձեռնությունը, որը ամերիկաներում եւ եվրոպաներում արցախցիների համար Ադրբեջանի կազմում «ինքնավարություն» է մուրում։

Այս երկխոսության ընթացքում մի բառ չկար անգամ Արցախի ընտրված կամ որեւէ ֆորմատով ձեւավորվելիք ներկայացուցչական մարմնի հետ խորհրդացելու, համագործակցելու մասին։ Չէ՞ որ դա կնշանակի ացախցիների իրավասության ճանաչում, իսկ դա Հայաստանի քաղաքական ուժերին կզրկի Արցախը մանրադրամ սարքելու հնարավորությունից։

Որեւէ բառ չկար Արցախի կարգավիճակի մասին, պարզելու, թե ո՞րն են այդ հայկական տարածաշրջանի պատկանելիության իրավական հիմքերը։ Ստալինի կուսակցական որոշո՞ւմը, Բաքվի կողմից անտեսվող Ալմաթայի հռչակագի՞րը։ Արդյո՞ք ուժի մեջ է 1994 թ․ անժամկետ զինադադարը, 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ի վերջո՝ ուժի մե՞ջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը։ Եւ ինչքա՞ն կարելի է անտեսել 1989 թ․ դեկտեմբերի 1-ի միավորման մասին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների որոշումը։

Այս որոշումների ուժի մեջ լինելու մասին խոսում են մեր թշնամիները, պահանջելով չեղարկել Արցախի հայկական կամ առնվազն վիճելի տարածք լինելու իրավական հիմքերը։ Սակայն եւ հայկական իշխանությունները, եւ ընդդիմությունը խնամքով թաքցնում են այդ բոլոր փաստարկները, ոչ միայն ուզուրպացնելով արցախցիների ճակատագիրն որոշելու իրավունքը, այլեւ չեզոքացնելով գյություն ունեցող միջազգային իրավական հիմքերը։

Նաիրա Հայրումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest