Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալված 27 քաղաքացիները հունիսի 3-ին ազատ են արձակվել։ Նրանց ձերբակալված անձանց պահման վայրերից չեն ազատել՝ թողնելով այնտեղ օգտագործելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետը՝ 72 ժամ կամ 3 օր։ Ընդ որում՝ տղաները ազատ են արձակվել առանց մեղադրանքի, մինչդեռ ձերբակալվել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
«Առանց մեղադրանքի դուրս եկան, որովհետև տղաները ոչ մի բան չէին արել, եթե տեսանյութերը նայեք, կտեսնեք, որ մարդիկ իրենց համար կանգնել էին, բայց ինչ-որ ոստիկաններ նրանց պարզապես գողանում-տանում են։ Նրանք ձերբակալվել են ապօրինաբար։ Մեղադրանք չի հարուցվել, որովհետև որևէ հանցանք չեն գործել, ինչը նշանակում է, որ որևէ հանցանքի մեջ կասկածվելու առիթ չեն տվել այդ պահին», —Forrights.am-ին ասում է շարժման ներկայացուցիչների փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հարցին, թե ի՞նչ է կարծում, ինչո՞ւ են ձերբակալված անձինք ՁՊՎ-ներում պահվել օրենսդրությամբ սահմանված առավելագույն ժամկետում, այն դեպքում երբ կարող էին գոնե մեկ օր հետո ազատ արձակել, հատկապես որ մեղադրանք չկար, Հարությունյանը արձագանքում է․ «Այդ երևույթը թարգմանաբար կոչվում է՝ «սառեցվող էֆեկտ», որի նպատակն է հավաքներին խոչընդոտելը, հավաքներին մասնակցելուց անձանց զերծ պահելն է։ Միջին վիճակագրական քաղաքացին տեսնում է, որ մարդիկ ոչ մի բան չեն անում ու ձերբակալվում են, իր մոտ մտավախություն է առաջանում՝ ես էլ չմասնակցեմ, որովհետև կարող ա ոչ մի բան չանեմ ու ինձ ձերբակալեն։ Դա շատ հայտնի մեթոդ է»։
Նրա խոսքով, ոստիկանությունը հասկացել է, որ 3 ժամ տևող վարչական ձերբակալումները արդյունավետ չեն, որոշել են արդեն ձերբակալումն ապահովել 3 օրով։ «Ապօրինաբար ձերբակալում են, մարդկանց կտրում են ամեն ինչից, որ մյուս անգամ լավ մտածեն՝ մասնակցե՞ն հանրահավաքին, թե՞ ոչ», -նշում է փաստաբանը։
Մինչ տղաների ազատ արձակումը, Տավուշը հանուն հայրենիքի շարժման ներկայացուցիչները թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մի քանի ժամանոց բողոքի ակցիա իրականացրին Քննչական կոմիտեի մոտ։
ՔԿ-ից ակցիայի մասնակիցներին փոխանցեցին, որ ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նրանք մինչև աշխատանքային օրվա վերջ ազատ կարձակվեն։
Շարժման մասնակիցները ձեռնաշղթաներով, ինչպես նաև «Բռնապետության արտացոլանքը» անվանումով ակցիա իրականացրին ՔԿ-ի մոտ՝ պահելով հայելիներ ոստիկանների ուղղությամբ։
«ՔԿ-ին ներկայացված մեր առաջին պահանջը կատարվել է՝ ձերբակալվածներից ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ երկրորդ պահանջն այն է, որպեսզի վարույթ իրականացվի այն բոլոր ապօրինի գործողությունների դեմ, որոնք իրականացվել են ոստիկանության կամ նրա շարքերում ծվարած մարդկանց կողմից։
Մասնավորապես, քննչական կոմիտեից պահանջում ենք վարույթ սկսել բոլոր այն խուլիգանների նկատմամբ, որոնք 40 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին», -արդեն երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված մարդկանց մոտ հարթակից հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոսը։
Ի դեպ, ՁՊՎ-երից ազատ արձակված անձինք նույնպես նրա խնդրանքով բարձրացել էին հարթակ և արժանացան ներկաների ծափերին։
Մինչև ոստիկանության բաժին տեղափոխելը իր նկատմամբ վատ վերաբերմունքի ու բռնության մասին հայտարարել էր Դանիել սարկավագ Գևորգյանը․ «Սև բերետները միանգամից քաշեցին դեպի իրենց մոտ ու սկսեցին հարվածել որտեղ որ պատահում էր: Իրենք հարվածում էին որտեղ պատահում էր, այսինքն՝ այնպես չէ, որ ես ուժ էի կիրառում, իրենք ուզում էին էդ ուժ կիրառածը կանխել, չէ, այդպես չէ։ Ամենացավալին ինձ համար այս արտահայտությունն էր՝ «հայր սուրբ ա, հայր սուրբ ա, խփեք», ուզում եմ հասկանալ՝ ինքը ի՞նչ մտայնությամբ կամ ի՞նչ մտածելակերպով էդ արտահայտությունը ձևակերպեց ու սկսեց ասել: Չէի կարող պատկերացնել, որ նույնիսկ այդպիսի բան կարող են արտահայտել։ Ինձ համար զարմանալի էր, ոնց որ սատանա տեսած լինեին, ո՞նց են այդ մարդիկ դաստիարակվել»։
Նկատենք՝ Դանիել սարկավագ Գևորգյանը երեք ժամ անազատության մեջ անցկացնելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Բագրատ սրբազանը նրան ներկայացնելիս, ասել էր․ «Լիբանանից հայրենադարձվել է, Աստվածաբանության ֆակուլտետում սովորել, ավարտել ու դարձել «խուլիգան»»։
Փաստաբանների խումբը դեռ չի որոշել՝ արդյոք հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, մայիսի 31-ին ԱԳՆ շենքի առջև նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում էին պահանջում, որ ստանային հետևյալ հարցի պատասխանը՝ «ինչո՞ւ են Ադրբեջանի հետ հարաբերություններում ստորացնում Հայաստանին»։ Հավաքը վերածվել էր բախման, ինչի հետևանքով ձերբակալվել էր 28 ցուցարար` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:
Հ. Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: