Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ կառավարությունը լավ ձեւ է գտել Արցախի բնակիչների կուտակային թոշակային գումարները չվերադարձնելու համար։

Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի և մոտ 34,5 հազար շահառուի մասին է։ 2024 թ․ հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լրացում է կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որով հնարավորություն է ստեղծվել մասնակիցների համար կուտակված միջոցները իրենց ցանկությամբ փոխանցելու այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին, կամ էլ հետ ստանալու՝ փոխանցելով այն իրենց բանկային հաշիվներին։

Սակայն 2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ համաձայն որի նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը, իր դիմումի համաձայն, կարող է իր կուտակած միջոցները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ, իսկ համապատասխան դիմումի բացակայության դեպքում, միջոցները տեղափոխվելու են օրենքի ուժով։

«Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, փաստացիորեն չունենալով որևէ լիազորություն կուտակված գումարների ճակատագրի տնօրինման մասով, փորձում է ֆոնդի գումարները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդ՝ զրկելով կուտակային համակարգի մասնակցին սեփական միջոցները տնօրինելու հնարավորությունից»,- ասում է Գեղամ Ստեփանյանը։

Այս ամենի բանալի բառը «լիազորություն» բառն է․ արդյոք ՀՀ վարչապետը լիազորված է․

1․ ստորագրել (Հայաստանի հետ կապ չունեցող) Արցախի հանրապետության առնվազն երեք շրջան առանց կրակոցի հանձնելու մասին՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

2․ 30 տարի ՀՀ անձնագրեր ունեցող արցախցիներին գրչի մեկ հարվածով կարգել «քաղաքացիություն չունեցող անձինք» եւ «առաջարկել» կրկին ՀՀ քաղաքացիություն ստանալ։

3․ արգելել արցախցիների պետական եւ համայնքային ինստիտուտների գործունեությունը, համապատասխանաբար՝ ինքնակառավարման հնարավորությունը։

4․ արգելափակել ՀՀ բանկերում Արցախում գրանցված կազմակերպությունների հաշիվները, միեւնույն ժամանակ՝ չապահովելով ՀՀ-ում գրանցվելու պայմանները /ID ստանալը/։

5․ քրեական հետապնդում իրականացնել Արցախի տարածքում կատարված առերեւույթ հանցագործությունների համար։

ՀՀ կառավարությունը արդարացիորեն մեղադրում է ՀՀ եւ Արցախի նախկին ղեկավարներին՝ արցախցիների իրավական կարգավիճակի հետ կապված միտումնավոր խառնաշփոթ ստեղծելու մեջ։ Սակայն վերջին 6 տարվա ընթացքում կառավարությունը ոչ թե լուծել, այլ ավելի է խառնել իրավիճակը։

Արդյունքում ամեն ինչ Արցախում կորցրած մարդիկ հայտնվել են օրենքից դուրս՝ անիրավության եւ շփոթության մեջ։ Արդեն 9 ամիս է արցախցիներին զբաղեցնում են անծանոթ մարդկանց տներում գրանցվելու անհասկանալի գործընթացով։ Հունիսից, երբ կմեկնարկի արցախցիներին բնակապահովման ծրագիրը, կսկսվի ավելի մեծ քաշքշուկ՝ քաղաքացիության դիմումների ընդունում եւ ծրագրի մասնակցության համար գրանցում։

Հարցերն այնքան շատ են, որ արցախցիների մի զգալի մասը պատրաստվում է բոյկոտել ծրագիրը։ Չնայած հայտարարություններին, արցախցիները չեն վազել օր առաջ ՀՀ քաղաքացիություն վերցրել, ոչ մի հետաքրքրություն չեն  ցուցաբերում։

Իրավական խնդիրները էլեկտրոնային ձեւվ լուծելը եւ մարդկային գործոնը բացառելը բազմաթիվ խնդիրների է բերում։ Չնայած, որ 9 ամիս շրջապատման մեջ ապրած արցախցիներն այս մի քանի ամսվա ընթացքում մեծամասամբ կարողացել են լուծել առողջական խնդիրները, հիմնականում անվճար, ինչի համար շնորհակալ են, անիրավությունը Մեծ հայրենիքում խոցում է մարդկանց արժանապատվությունը։

Հատկապես, որ ակնառու է՝ այդ անիրավությունը ոչ թե միջազգային պահանջ է, այլ հենց ՀՀ կառավարության ձերքի գործը։ Օրինակ, մինչ մայիս ոչ մի պետություն, բացի Հայաստանից, արցախցիների 070 կոդով անձնագրերի հետ չէր պահանջում «փախստականի թուղթ»։ Սակայն դեսպանատները եւս սկսել են փոխել դիրքորոշումը։

Արցախցի օգտատերերից մեկը կիսվել է հետևյալ գրառումով. “Ինձ` Գերմանիա հրավիրող կողմը պաշտոնական նամակ է ուղարկել Գերմանիայի դեսպանատուն և ահա, թե ինչ պարզաբանում են տվել`

«Դեսպանատունը ցավով է տեղեկացնում, որ ներկայումս հնարավոր չէ վիզա տրամադրել 070 կողմից տրված անձնագրերին: Այս թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա դեսպանությունը ներկայումս ենթադրում է, որ 070 անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացի։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։ Այս պահին պետք է հստակորեն նշել, որ դեսպանատան տեսակետը չի, որ 070 անձնագիր ունեցող անձինք փախստականներ են, այլ դա Հայաստանի միգրացիոն իշխանությունների պաշտոնական ձևակերպումն է»”։

ՀՀ քաղաքացի՞ են արցախցիները, փախստակա՞ն, թե՞ քաղաքացիություն չունեցող անձինք։ Այս հարցը ոչ միայն զուտ իրավական, այլեւ ազգային, քաղաքական վերաբերմունքի խնդիր է։ Ինչպիսի՞ն է տեսնում ՀՀ վերնախավը արցախցիների կարգավիճակը Հայաստանում։ Արդյոք ընկալում է որպես հավասար հայրենակից։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest