«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Քննչական կոմիտեի շենքի մոտ են։ Նրանք պահանջում են, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կամ քննչականից որևէ ներկայացուցիչ իջնի՝ հանդիպելու քաղաքացիների հետ ։Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի մասին ընդդիմադիր շարժման առաջնորդը հայտարարել էր նախապես։
«Ամբողջ ընթացքում արձանագրված միջադեպերի հետ կապված մեր ընդվզումն ենք արտահայտում՝ հասկանալու Քննչական կոմիտեն միայն քաղաքացիների դեմ է գործո՞ւմ, թե՞ նաև այն ոստիկանների, որ քաղաքացիների հանդեպ բռնություն են իրականացնում», — ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Քննչական կոմիտեի շենքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված։
«Անհասկանալի է՝ այսքան շարքերով ոստիկաններն ահաբեկելու համա՞ր են։ Ոչ մեկը չի կարող մեզ ահաբեկել», — հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոսը․ —
«Նիկոլ Փաշինյանը ուզում է արյուն տեսնել, նրա սիրտը դա է ուզում: Ես տեսել եմ իր արյուն ցանկանալու դեպքերն Իջևանում, որ մտել ու առևանգել են մարդկանց, մենք քեզ այդ հաճույքը չենք պատճառելու, խաղաղ մարդիկ գալիս են ու հազարավոր ոստիկաններ են լցվում»։
Բողոքի մասնակիցները պահանջում են պատժել այն ոստիկաններին, որ «ջարդել են սրբազանի աջակիցներին՝ հայր սուրբ, հայր սուրբ ասելով ծեծել են»։
Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ ներքև չեն իջնելու, ցուցարարների հետ չեն հանդիպելու։
«Ընթացակարգ կա, դիմում պիտի գրեն, դրա հիման վրա հադիպում կկազմակերպեն», — նշեցին Քննչականից։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: