«34 տարի ապրել եմ Արցախում, Այգեստան գյուղում։ Սեպտեմբերի 26-ը վերջին օրն էր», — ասում է Վիլեն Սարուխանյանը, որն այժմ փոքրիկ ընտանիքի հետ փորձում է Հայաստանում ոտքի կանգնել։

34-ամյա երիտասարդը Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից, է 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման հետևանքով բռնի տեղահանվել է ու երկու մանկահասակ երեխաների կնոջ և մոր հետ անցել գաղթի ծանր, դժվարին ճանապարհը։

«Սեպտեմբերի 14-ին իջանք դիրքերից հերթափոխ էր, պետք է 7 օր հետո՝ սեպտեբերի 21-ին մեկնեինք հերթապահության, 18-ի արդեն կեսօրին մեր պաշտպանության բանակը համար մեկ տվեց։ Հետո սկսեցին 19-ի մարտական գործողությունները։ Ամեն մարդ փորձում էր իր երեխեքին, հարազատներին տիրություն անել, անտանելի վիճակ էր, ծեր, երեխա փորձում էինք տեղավորել նկուղներում։ Լսում էինք, որ Մարտունու շրջանը ընդհանրապես բլոկադայի մեջ էր, անելանելի վիճակ էր», -Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Վիլենը։

Սեպտեմբերի 20-ին, մինչև մարտական գործողությունների դադարը, պատմում է, ադրբեջանական կողմից ռմբակոծվել է իրենց գյուղում՝ Այգեստանում տեղակայված հետախուզական գումարտակը

«Բացարձակ կապ չկար, որևէ պաշտոնական տեղեկություն չէինք ստանումմ տեղեկատվական շրջափակման մեջ էինք ու հանկարծ լուրեր տարածվեցին, որ ազգովի պետք ա տեղահանվենք։ Էդ լուրը ստացանք սեպտեմբերի 22-ին։ Մինչև վերջին պահը ես չեմ պատկերացրել, որ տեղահանման որոշում կկայացվի։ Անճարություն, անորոշություն, ցավ․ ամեն ինչ խառնվեց իրար ու մինչև հիմա էլ չենք հասկանում՝ ինչ կատարվեց ու ինչու կատարվեց այդպես», -ասում է արցախցի երիտասարդը։

Վիլենն ասում է՝ իր համար հարազատ մարդկանց՝ եղբայրների ու եղբոր որդու շիրիմներն է թողել Արցախում։ Հատկապես հիշում է եղբոր որդուն՝ Հայկ Գրիգորյանին, որը 44-օրյա պատերազմի զոհերից է․ «Զոհվել է Վարանդայի հատվածում, հուղարկավորվել Եռաբլուրում, բայց ծնողները շատ էին նեղվում՝ չէին կարողանում ամեն անգամ գալ, որդու շիրիմը տեսնել ու էդպես որոշեցինք Երևանից տեղափոխել Արցախ։ Բայց փաստորեն շատ իզուր, Արցախից տեղահանվեցինք, ու երեխեն մնաց էնտեղ»։

Վիլենը «Մենք ենք մեր սարերը» արցախյան ազգային երգի պարի համույթի անդամ է, հրաշալի երգում է։ Ասում է՝ ծնողներն են հետևողական եղել, որ երաժշտական կրթություն ստանա՝ «Մանկությունից դպրոցում երգում էի միջոցառումների ժամանակ, մայրս հասկացավ, որ տվյալներ ունեմ, ու ծնողներս որոշեցին, որ սովորեմ երաժշտական դպրոցում»։

Համույթի մասին Forrights.am-ը ավելի վաղ գրել էր․ երգիչների փոքրիկ խումբը Երևանում փորձում է  հովանավորներ գտնել և կարողանալ արցախյան բարբառով երգն ու պարը կենդանի պահել։

«Չէի ուզենա այս վիճակում հայտնվել։ Ամեն ինչ ենք թողել Արցախում՝ տուն, մեր ամբողջ կյանքը, հիշողություններ։ Որ ասեմ՝ հարուստ եմ եղել, շատ բաներ եմ թողել, ճիշտ չի լինի։ Տուն եմ թողել, որն իմ փոքրիկ ընտանիքի համար հարմարավետ էր, հայրենիք եմ թողել, հող եմ թողել, ախպերներ եմ թողել։ Մանկությունս ու իմ լավագույն տարիները՝ մինչև սեպտեմբերի 19-ը թողել եմ էնտեղ», -ասում է Վիլեն Սարուխանյանը։

 

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest