44-օրյա պատերազմում ամուսնուն կորցնելուց հետո բուժքույր դարձած Նարինե Թովմասյանը հիշում է Արցախում անցկացրած վերջին օրերը։ Նրա խոսքով, այլ բառերով, քան դժողք, հնարավոր չէ դրանք նկարագրել։ Սեպտեմբերի 23-ին նա օգնել է թշնամու հարձակման հետեւանքով ծանր վիրավորումներ ստացած զինվորներին, իսկ բենզալցակայանի պայթյունից հետո եղել է տուժածներին օգնող ընդամենը երկու բուժքույրերից մեկը։
«Ծնվել եմ Ասկերանի գյուղ Սզնեքում: Մինչու 16 տարեկանն այնտեղ եմ ապրել, հետո եկել եմ սովորելու Ստեփանակերտում, ամուսնացել եմ ու ապրել ենք հենց Ստեփանակերտում։ Երբ 2020-ի պատերազմը սկսվեց, ամուսինս՝ Թովմաս Թովմսյանը, ով հետմահու Արցախի հերոսի կոչում է ստացել, այդ ժամանակ Եղնիկներում էր։ Երբ մարտերը հասան մեր գյուղի սահմաններին, ամուսինս չկարողացավ հեռու մնալ, քանի որ Եղնիկներում արդեն համեմատարաբ հանգիստ էր։ Նա այնտեղից դուրս եկավ ու տեղափոխվեց։ Ինքն ու իր ընկեր Նարեկը հատուկ որոնվում էին ադրբեջանցիների կողմից, քանի որ մեր տղաների սպանելու դեպքում երբեք անպատիժ չէին մնում։ Ամուսինս ու Նարեկը եկել են Շուշի Քարին տակ հատվածը կռիվ են տվել… մինչեւ վերջ կռվել են… »,- պատմում է զինվորականի այրին։
Նրա խոսքով, երբ ամուսինը վիրավորվել է, զանգել է եղբորը, ասել է, որ մեքենա ուղարկի իրեն հանելու, բայց մեքենան նրան չի կարողացել հասնել։ Ադրբեջանցիները նրանց շրջափակման են գցել, հայտնաբերել են եւ կրակահերթ են արձակել նրա դեմքին։ Այդ ամենը նրա եղբայրը հեռախոսով լսել է։
Պատերազմի ավարտից հետո Նարինեն զոհված ամուսնու ընկերների օգնությամբ ընդունվել է աշխատելու զինվորական հոսպիտալում, որպես բուժքույր։ «Ուզում էի գոնե այդ կերպ օգտակար լինել զինվորներին, օգնել ու աջակցել նրանց»,- ասում է նա։
Նարինեն հիշում է՝ երբ վերջին պատերազմի օրը առաջին մեծ մեքենան կանգնեց հիվանդանոցի մոտ՝ ծայրից ծայր բեռնված վիրավորված զինվորներով, ինքը մի պահ կորցրել է շարժվելու ունակությունը.«Մեկը ձեռք չուներ, մյուսը ոտք չուներ, մյուսն արդեն մահացած էր… բայց ես ու մյուսները հասկացանք՝ մարդիկ մեր կարիքը ունեն ու մենք պետք է աշխատենք»։
Պայթյունի լուրն իմանալուց հետո Նարինեն շտապել է հիվանդանոց, հասնելով այնտեղ, հասկացել է՝ տեղի ունեցածը սարսափելի է.«Պատերազմի ժամանակ մտածում էի՝ վիրավորներից վատ բան երբեք չեմ տեսնի, բայց այդ ժամանակ հասկացա՝ սովորական վիրավորներին փառք ենք տալու… պայթյունի հետեւանքը ամենաահավոր բանն է եղել, որ ես երբեւէ տեսել եմ… բայց սկսել ենք աշխատել… դե Ստեփանակերտն էր, ամեն մեկը մեկի ծանոթն էր, բարեկամն էր։ Բոլորը մեզ հարցնում էին՝ լավ է՞ լինելու, ու մենք ստիպված ստում էինք՝ լավ է լինելու… Հաջորդ օրը առավոտյան բոլորը, ովքեր նախորդ օրը դեռ նստած էին, նույնիսկ խոսում էին, սկսեցին ընկնել կոմայի մեջ, մահանալ… մեզ մոտ գտնվող այրվածքով մարդու չկարողացանք փրկել… սովորական ցավազրկող կամ թեթեւ այլ դեղերով հնարավոր չէր նման այրվածքներին որեւէ լուրջ հակազդեցություն անել, հասկանում էինք, որ աշխատում ենք, քանի որ չենք կարող չաշխատել»։
Նարինեն իր երկու անչափահաս երեխաների հետ Ստեփանակերտը լքել է ամենավերջիններից մեկը՝ սեպտեմբերի 29-ին։ Այժմ աշխատում է երեւանի բժշկական կենտրոններից մեկում, ասում է՝ վերջին տարիների դեպքերից շատ բան է սովորել։
«Հիմա փորձում ենք ոչ թե ապրենք, այլ հարմարվենք կյանքին, որովհետեւ հասկանում ենք՝ կոտրվելով ավելի վատ է լինելու եւ ոչ մի բանի չենք հասնելու։ Ճիշտ է՝ մեկ-մեկ կարոտը այնպես է խեղղում, որ անկախ քեզնից լացում ես, անկախ քեզնից կարոտում ես տունդ, պատերդ։ Ընդամենը մեկ տարի առաջ էի տուն ստացել՝ որպես զոհվածի ընտանիք։ Ստացանք, ամեն ինչով կահավորեցինք, բայց վերջում ամեն ինչ իմ ձեռքով կոտրեցի, եկա։ Ամեն մարդ ինքն էր որոշում, թե ինչպես վարվել, ես ու տղաս որոշեցինք այդպես անել»,- իր տեղահանման պատմությունն ավարտում է Նարինեն։
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։