Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։
«Վեոլիա ջուր» ընկերությունը իր հերթին տեղեկացնում է, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530 մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Մեծ և Փոքր Այրումներ գյուղերի ջրամատակարարումը։
«Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ»,- հայտնում են ընկերությունից։
Վարարումների հետևանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս ջրամատակարարումը դադարեցված է։
Նշենք, որ նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: