Հանրապետության հրապարակում ընթանում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքը:
Շարժման առաջնորդ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը իր ելույթը սկսելիս ողջույն հղեց Բաղանիսի, Ոսկեպարի և Կիրանցի ժողովրդին, որոնք, նրա խոսքով. «Ո՛չ մոլորվեցին, և ո՛չ էլ կաշառվեցին՝ ցույց տալով հայրենատեր լինելու իրենց ամբողջ էությունը: Ինչպես պատվով սահման են պահել այս երեսուն տարվա ընթացքում, այնպես էլ այս վայրկյանին անմնացորդ կերպով կանգնել են չզիջելու եւ չնահանջելու հայրենական մեր օջախից, որը, ցավոք, այսօր մատնվել է աղետի, ոչ բնական, այլ մարդու կողմից»:
Հանրահավաքի ժամանակ տեսանյութեր ցուցադրվեցին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներն էին ընտրություններից առաջ և նրա առաջարկները՝ տնազուրկ դարձող տավուշցիներին: Արքեպիսկոպոսը խնդրեց խոնարհումով ողջունել նահատակ զինվորների ծնողներին ու ասաց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հստակ ուղեծրով ընթանում է դեպի բաղձալի հաղթանակ, որը սարերի հետեւում չէ:
Նա նաև ձեռքով ցույց տալով հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց՝ հեգնեց ընդդիմախոսներին. «Այս հրապարակը մեր մարա՞ծ շարժման մասին է»:
Այնուհետև դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարեց․
«Դուք անընդհատ պահանջել եք կապված նոր կառավարության վարչապետի թեկնածուի ու օրակարգի մասին։ Այդ թեկանծուն պետք է լինի վերկուսակցական, չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբակի անդամ, պետք է ձևավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն։ Ձևավորելով բոլոր ունակների կառավարությունը իրենց վաստակի հմտություններով, արհեստավարժությամբ՝ հստակ ունենալով օրակարգային ուղղություններ՝ ներքին հաշտություն, արտաքին հարաբերություններում առանց հակաների քաղաքականության, ներկայիս իրավիճակի սառեցմամբ, ամեն գնով սառեցնել այն իրավիճակը որում մենք գտնվում ենք
Նիկոլ Փաշինյան մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի պառակտվի, արդյունքում քո թիմը տանելով անդառնալի կործանման, սերունդների նզովքին ենթակա։ Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է։ Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ կարևորություն ունի, հրաժարական տուր, գոնե մերձավորիդ չավիրելու համար։
Սա քո վերջին հնարավորությունն է։ Դիմում եմ ՔՊ կուսակցության ներկայացուցիչներին՝ եթե ձեր ղեկավարն այնուամենայնիվ, արհամարհած ունենա բոլորիդ ու տանի բաժանման, այդ բաժանումը կարող ենք նաև մենք անել, փորձեք ձեր ջանքերը ներդնել այդ ջրբաժանին։
Ամփոփելով ցանկանում եմ ասել՝ ճշմարտության հաղթանակը այլընտրանք չունի, որովհետև տերն է մեր հովիվը, և մեզ ոչինչ չի պակասելու»։
Այնուհետև ելույթ ունեցավ Գուրգեն Մելիքյանը, ասաց, որ մեկ ամսվա ընթացքում հանդիպել են մի քանի տասնյակ մասնագետների ու պրոֆեսիոնալների հետ, քննարկել վարչապետի թեկնածուի հարցը և հայտարարեց․
«Բոլոր հանդիպումների ու քննարկումների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը Բագրատ սրբազանն է։ Մեր քաղաքական ուժերի ու ժողովրդի մոտ կա հստակ համախոհություն, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պետք է լինի վարչապետ»։
Ամբիոնին մոտեցավ մի երիտասարդ, վառեց լուսարձակները ու վանկարկեց․ «Սըր-բա-զան վարչապետ, սըր-բա-զան վարչապետ»։
«Անկեղծորեն չգիտեմ նույնիսկ ինչ ասել։ Այս պայքարը չակնկալիքների պայքար է։ Ես չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ ոչ այդ պաշտոնի և մնացած աստիճանների ակնկալիքը։ Այս շարժումը սկզբնավորած մեր սահմանագոտուց ստի դեմ ու հանուն ճշմարտության բերեց հասցրեց այս հանգրվանին ու վստահ եմ կհասցնի հաջորդ հանգրվանին», -արձագանքեց Բագրատ արքեպիսկոպոսը։
Նա նաև ասաց, որ հանդիպել է Վեհափառի հետ ու ներկայացրեց մանրամասներ․ «Ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Ես Վեհափառ հայրապետին ու իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել։ Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։
Այնուհետև Բագրատ Գալստանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբն էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել, հսկայական ոստիկանական պատնեշներով ինքնապաշտպանվել, հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին հանդիպելու։ Ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ։ Բարոյական լեգիտիմություն չունես, և երբ ինքնիշխանության մասին եք խոսում, ուզում եմ հարցնել՝ կարո՞ղ է որոշումներդ դու չես կայացնում, ուրիշ տեղից են կայացնում»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: