«ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն, փաստաբանների հարկային բեռը 5 տոկոսից դառնում է 38 տոկոս, դժգոհություններ է առաջացրել մասնագիտական շրջանակներում:
«Ազնվորեն ասեմ՝ չգիտեմ՝ ի՞նչ տրամաբանությամբ են գործել, բայց սա բավականին մեծ ռիսկ է փաստաբանական գործունեության արդյունավետության տեսակետից»,- «Արդարադատության արժեքը. փաստաբանների հարկերի բարձրացման ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա» թեմայով «Մեդիա կենտրոնի» քննարկմանը հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով, իրենք՝ որպես իրավապաշտպան կազմակերպություն այդքան ռեսուրսներ չունեն, որ կարողանան բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ կարիքներ են ունենալու, ապահովել դրանք, մանավանդ՝ վերցնում են որոշակի իրավունքների պաշտպանություն․
«Քաղաքացիական, վարչական բավականին մեծ ծավալի գործեր կան, որոնցով քիչ է, որ պետական տուրքի հետ կապված կան խնդիրներ, հիմա կավելանան նաև փաստաբանական ծառայության հետ կապված խնդիրներ, և իրավունքների պաշտպանությունը մեծ ռիսկի տակ է դրվում, եթե չասեմ՝ լուրջ սահմանափակումների ներքո։ Կարծում եմ՝ պետք է հրաժարվել այդ մտքից և բոլորովին այլ մոտեցումներ պետք է լինեն։ Այս մոտեցումն ուղղակի իրավունքի պաշտպանության սկզբունքի դեմ է»։
Նա ասել է, որ հարկային բեռի ավելացումը ազդելու է քաղաքացիների վրա, հետևաբար նրանց իրավունքների պաշտպանության շրջանակը նեղանում է:
«Չէի մտածել, որ դատարանի բեռնաթափելը կարելի է լուծել՝ դատարան քիչ դիմելով կամ հնարավորությունները սահմանափակելով։ Դա արդեն ուղղակի կատաստրոֆա է։ Ի՞նչ է նշանակում՝ դատարանի բեռնաթափելը մարդկանց՝ դատարան դիմելու ֆինանսական սահմանափակմամբ։ Դուրս է գալիս՝ սա քաղաքացիների իրավունքների պաշտպանության դեմ քայլ է։ Այն, որ փաստաբանական գործունեության հետ կապված խնդիրներ կան, որոնք մեզ մտահոգում են՝ փաստաբանական էթիկա, փաստաբանություն և քաղաքականություն, դա միանշանակ է, բայց սա չէ այն մոտեցումը, որը պետք է կիրառվի։ Դրանք բոլորովին այլ խնդիրներ են և այլ գործիքներ ու լուծումներ են պահանջում։ Իսկ եթե ենթադրենք, որ բյուջե են ուզում եկամուտներ ապահովել, ապա ուղղակի իրավունքի պաշտպանությունը սահմանափակելու հաշվին բյոջեի եկամուտների ավելացումը ընդհանրապես պետության կողմից իր պարտավորություններից հրաժարվելու ակնհայտ փաստ է», -ասել է Սաքունցը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: