Սահմանադրական դատարանը բանավոր քննության արդյունքում որոշել է կարճել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա վարույթը։ Այդ մասին որոշումը հրապարակվել է մայիսի 13-ին։

«Սահմանադրական դատարանը խուսափել է դիմումի մեջ բարձրացված հարցերին ըստ էության պատասխան տալ: Սահմանադրական արդարադատություն իրականացնելու պարտականություն ունեցող այս մարմնի  գործելաոճը չի փոխվել, երբ պետք է, դիմումը թողնում է մի կողմ և իրականացնում է վճռաբեկ դատարանի գործարույթ` խառնաշփոթ առաջացնելով իրավական դաշտում, երբ «անհրաժեշտ» է, վկայակոչում է իր աշխատակարգային որոշումներից մեկում արտահայտված այն միտքը, որով ասվել է՝դատարանը սահմանադրական վեճ հարուցող չէ,այսինքն՝ ինչպես հարմար է կոնկրետ իրավիճակում: Հետևությունները արդեն թողնում եմ ձեզ», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը։

Նախկին դատավորի լիազորությունները, հիշեցնենք, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել էին 2023-ի հունվարի 26-ին։ Դատավորի նկատմամբ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականին կայացված վճռի հիման վրա, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով երկրորդ անգամ ներկայացված բողոքը, խախտել է կրկին վերանայման ենթակա չլինելու սկզբունքը։

Անտոնյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնելու հիմքում դրվել 2015 թվականին կայացված ՄԻԵԴ վճիռն է, այն դեպքում երբ տվյալ ժամանակահատվածում գործող դատական օրենսգիրքը նման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու համար սահմանել էր մեկ տարվա ժամկետ: Սահմանադրական դատարանում Սուրեն Անտոնյանը վիճարկում էր Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիմքում դրված օրենքների սահմանադրականության հարցը։ Նա պնդում է՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հիմքում դրված նորմերը հակասահմանադրական են ինչպես Սահմանադրության հետադարձության արգելքի հիմքով, այնպես էլ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ: Այսինքն մեր երկրի Սահմանադրությունը բացառել է որևէ, նույնիսկ ամենաբարի նպատակներով անձի իրավական դրությունը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալը։

Անտոնյանի դիմումը ՍԴ-ն ստացել էր դեռևս նախորդ տարվա օգոստոսին, սկզբում որոշվել էր դիմումի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով, այնուհետև զեկուցող դատավորի փոխարինում կատարվեց, ապացույցներ պահանջելու պատճառաբանությամբ կասեցվեց գործի քննությունը, իսկ հետո գործի քննության բազմակողմանիությունն ապահովելու նպատակով սահմանվեց բանավոր ընթացակարգ։  

«Մենք մտածում էինք՝ ՍԴ-ն կստեղծեր ձայների հավասարության վիճակ, որի դեպքում դիմումը կհամարեր մերժված և որոշում չէր գրվի։ Բայց կարճելու մասին որոշումը մեզ համար անակնկալ էր, քանի որ սահմանադրական դատարանը չի տեսել մի բան, որի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել պատասխանող կողմը, ինչպես նաև խորհրդատվական կարծիք էր հայտնել փաստաբանների պալատը: Այս որոշումն իրենց համար լավագույն լուծումը չէր, քանի որ դատավորները և իրավաբանական համայնքը սպասում էր այս որոշման։ Նաև ակնհայտ է որ այլ գործերով ուղղակի հիշեցնելու են սահմանադրական դատարանին այս որոշմամբ արտահայտված դիրքորորշումները, որովհետև ներկայացված դիմումը և նյութերը հանրայնացված են», նշում է Անտոնյանը։

Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել իր դիմումը և շուրջ յոթ ամիս այն եղել է ՍԴ-ում, հետևաբար եթե կարճելու հիմք լիներ,պետք է կարճվեր դեռևս նախորդ զեկուցողի վարույթում, երբ պարզ էր և վարույթի հարուցման առիթը և ժամանակահատվածը և դատական օրենսգրքի վիճարկվող նորմերը։

Ի՞նչ հիմքով է ՍԴ-ն կարճել դիմումը

Սուրեն Անտոնյանն ու իր ներկայացուցիչ, փաստաբան Էմիլ Ամիրխանյանը Սահմանադրական դատարանից պահանջել էին ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի քանի հոդվածներ։ Ըստ Անտոնյանի ներկայացուցչի, նշված հոդվածները դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական գործով կիրառելի չէին կարող լինել, և 2015 թվականին ընդունված ՄԻԵԴ վճիռը չէր կարող հիմք համարվել Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Դիմողը հստակեցրել էր՝ այդ նորմերը հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի վիճակը վատթարացնող նորմի հետադարձության արգելքի, ինչպես նաև 79-րդ հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքներին։


Նշվում էր նաև, որ եթե Բարձրագույն դատական խորհուրդը ճիշտ մեկնաբաներ ու կիրառեր օրենսգրքի վիճարկվող հոդվածները, ապա դատավոր Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը պետք է ոչ իրավաչափ ճանաչվեր այն պատճառաբանությամբ, որ 2015 թվականին կայացված ՄԻԵԴ վճիռը չէր կարող առիթ հանդիսանալ կարգապահական վարույթ հարուցելու համար քանի որ անցել են մինչև 2018. գործող դատական որենսգրքով վարույթի հարուցման համար սահմանված ժամկետները։Ստացվում է որ 2022թ. կատարված փոփոխությունների արդյունքում հետադարձ ուժ տալով վարույթ հարուցելու առիթին վերականգնել են նախկինում արդեն իսկ սպառված ժամկետը, մինչդեռ որոշման մեջ սահմանադրական դատարանը խոսում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ հարուցելու մասին: Որոշման բովանդակությունը ցույց է տալիս, որ այն հապճեպ է կազմված և դրա պատճառաբանական մասն ուղղակի հարմարեցվել է գործի վարույթը կարճելու լուծմանը:

«Իմ ներկայացուցչի ասածը հետևյալն է՝ ՄԻԵԴ վճիռը 2015-ին է եղել, և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող էր հարուցվել դրա ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո։ Այսինքն այդ ժամկետը սպառված էր դեռևս 2016-17թթ-ին», -ասում է Սուրեն Անտոնյանը։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի անցումային դրույթներով սահմանվում է, որ կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև նույն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` ՄԻԵԴ վճիռների հիման վրա ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի:

«Մինչև նույն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելը կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով», -նշվում է գործը կարճելու մասին ՍԴ որոշման մեջ:

«Հետադարձության մասին խոսում են օրենքի անցումային դրույթներով կարծես թե քողարկելով դրա հակասահմանադրական լինելը, իսկ Սահմանադրության 73-րդ հոդվածը կարծես թե որևէ բացառություն չի արել», -հակադարձում է Սուրեն Անտոնյանը։

Նկատենք՝ հետադարձության հետ կապված օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնել էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարելով, որ իրավական գնահատական պետք է տրվի 2007-2008թվականների դեպքերով կայացված ՄԻԵԴ վճիռներին: Սակայն խնդիրն այն է, որ ՄԻԵԴ վճիռների հիմքով հարուցված վարույթներով լիազորությունները դադարեցված դատավորների գործերը բացարձակ կապ չունեն օրենքի հիմնավորման մեջ նշված ժամանակահատվածի դեպքերի հետ:

Այս հարցին էր անդրադարձել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արդարադատության նախարարությանը առաջարկելով մշակել ՄԻԵԴ վճիռների հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու աշխատանքային ծրագիր՝ հասկանալի ու կանխատեսելի դարձնելու  գործընթացը:

Անտոնյանն ասում է՝ իրականում այս գործընթացը որևէ կապ չունի օրենքի հիմնավորումներում նշված նպատակի հետ և «ծառայում է ԲԴԽ տեղափոխված արդարադատության նախկին նախարարին իր բիզնես գործընկեր և միաժամանակ արդարադության նախարար Գրիգոր Մինասյանի հետ միասին ճնշելու դատավորների ցանկացած ինքնուրույնություն»: «Կարծում եմ սա արդեն իսկ իրավական անվտանգության խնդիր է, հատկապես այն պայմաններում, երբ դատական համակարգի նկատմամբ վերահսկողական իրավասություններ ունեցող անձիք տնտեսական շահ ունեն իրավաբանական ընկերության բիզնեսում:

Սահմանադրական դատարան դիմած դատավորների դիմումներով հիմնականում առկա է որոշում կայացնելուց խուսափելու իրավիճակ, որը լուրջ խորքային խնդիր է, քանի որ ցույց է տալիս քաղաքական իշխանության հետ չհակադրվելու հանգամանքի առկայություն», -պնդում է նախկին դատավորը:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest