Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգային երգի-պարի համույթը 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո թեպետ նոսրացած կազմով, բայց փորձում է վերակենդանանալ։ Երևանի ծայրամասային մի հատվածում փոքրիկ տարածք են գտել, որտեղ շաբաթը երկու անգամ փորձեր են անցկացնում։
«Շատ դժվար է մեզ համար այստեղ հարմարվելը, բայց փորձում ենք», -Forrights.am-ին ասում է համույթի տնօրեն Էլինա Հարությունյանը։
Համույթը Արցախում ամեն ամիս համերգներ է տվել՝ գյուղերում, քաղաքներում, զորամասերում։ Տնօրենն ասում է՝ ամեն ինչ արել են արցախյան երգն ու պարը տարածելու համար։ «Մենք Արցախում ամեն ամիս մենահամերգներ էինք տալիս, գնում էինք զորամասեր, այնտեղ համերգներով հանդես էինք գալիս մեր զինվորների, սպայակազմի համար։ Ոգեշնչում էինք մեր զինվորներին, մեր բարբառով երգեր ենք երգում։ Հենց մեր երգերը երգում էինք, ամբողջ դահլիճը ոգեվորվում էր, սկսում էին պարել, երգել մեզ հետ միասին», -հիշում է Էլինան։
46-ամյա Էլինա Հարությունյանը օտար լեզուների՝ անգլերենի ու ֆրանսերենի մասնագետ է, Ստեփանակերտում 23 տարի անգլերեն է դասավանդել, նաև՝ երաժիշտ է, ջութակահարուհի։ «Մենք ենք մեր սարերը» համույթի տնօրեն նշանակվել է 2020-ի մայիսին․ «Մենք շատ լավ էինք ապրում, պետական համույթ էինք ու պետությունից աշխատավարձ էինք ստանում, բոլորը ամեն օր գալիս էին փորձերի։ Բլոկադայի ժամանակ նույնիսկ երբ վառելիք չկար, մարդիկ գյուղերից ոտքով էին գալիս փորձերի։ Այ էդպես նվիրված են եղել մեր համույթի անդամները իրենց գործին»։
Հետո սկսվել է 44-օրյա պատերազմը, տղաները գնացել են պատերազմ, աղջիկները՝ Հայաստան։ Սակայն, նրա խոսքով, պատերազմի դադարից հետո անմիջապես վերադարձել են Արցախ ու վերսկսել գործունեությունը։
«Հավաքվեցինք, հունի մեջ էինք մտել, բայց նորից պատերազմ սկսվեց»,- նշում է Էլինան։
2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանման հետևանքով «Մենք ենք մեր սարերը» համույթի 41 անդամներից 13-ն են մնացել համույթի կազմում։ Հայաստանի տարբեր բնակավայրերում հաստատված երգիչ-երգչուհիները շաբաթական երկու անգամ հաճախում են փորձերի։ «Անգամ Վանաձորից ունենք, որը գալիս է մասնակցում փորձերին։ Մասիսից, Չարենցավանից», -ասում է Էլինան։
Տեղահանված սեփական բազմանդամ ընտանիքի հոգսերից բացի, Էլինան փորձում է «Մենք ենք մեր սարեր»-ին կենդանի պահել․ հարազատների միջոցով փորձերի համար տարածք է գտել, ընկեր-ծանոթների միջոցով փնտրել են հովանավոր ընկերություններ, ստացել ֆինանսական փոքրիկ օժանդակություն, կարողացել են դրանով գնել հագուստ, տեխնիկա ու ամսական սիմվոլիկ՝ 50 հազար դրամ վճարել համույթի անդամներին։
«Հույս չունեի որ այստեղ կկարողանանք մեր գործունեությունը շարունակել։ Արեգա Հովսեփյանը և Նարե Սիմոնյանը մի օր պատահաբար հանդիպեցին, լսեցին մեր խնդիրը ու առաջարկեցին սիմվոլիկ գումարի դիմաց շարունակել համույթի գործունեությունը։ Աղջիկները դիմել էին տարբեր ֆոնդերի, անհատների, այդ պատճառով ստացվեց ֆինանսավորումը, որը սակայն կավարտվի շուտով։ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես մերժել է մեզ, նույսիկ մերժեցին դահլիճ տրամադրել համերգի համար։ Մեծ գումար չէ՝ 50 հազար դրամ, բավականացնում է միայն փորձերին գալուն, բայց այնուամենայնիվ բոլորս միաձայն համաձայնեցինք, որ շարունակենք մեր աշխատանքը», -ասում է Էլինան։
Աևդեն հասցրել մենահամերգով հանդես գալ․ այս տարվա փետրվարին, Առնո Բաբաջանյան փոքր համերգասրահում։ «Դահլիճ տրամադրելու հարցում բազմաթիվ մերժումներ ստացանք, ասում էին՝ ֆինանսավորում չկա, երկիրը այն վիճակում չի, որ անվճար դահլիճ տրամադրենք ձեզ։ Բայց գտնվեց մի բարերար, որը մեզ համար վարձակալեց դահլիճը ու հաջողությամբ համերգն անցավ։ Մյուս համերգը պատրաստվում էինք մայիսի 28-ին անել, բայց երկրի ներքին վիճակը հույսեր չի առաջացնում, դրա համար առայժմ կհետաձգենք», -ասում է «Մենք ենք մեր սարերը» համույթի ղեկավարը։
Նրա խոսքով, Երևանում իրենց հանդիաստեսի մեծ մասը արցախցիներ են եղել։ Նկատել է՝ կարոտով էին լցված․ «Կարծում եմ՝ մարդկանց սրտերում մտքերում հայրենասիրական, ազատագրական երգի կարոտը բոլորի մեջ ապրում է։ Մենք մեր երգով, մեր արցախյան բարբառով կարթնացնենք հայրենասիրություն։ Հիմա դրա կարիքը շատ կա»։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: