Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որը կազմված է արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններից, դատապարտում է ՀՀ կառավարության կողմից մայիսի 16-ին ընդունված որոշումը բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների ապահովման վերաբերյալ:

Տարածված հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Չնայած մեր կողմից քանիցս ներկայացված առաջարկներին, որոնց հիմնական մասն արտացոլվել է մարտի 20-ի Նախաձեռնության հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ, ՀՀ կառավարության նշված որոշումն ընդհանրապես հաշվի չի առնում ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի ռազմավարական նպատակը, ո՛չ համայնքային բնակեցման անհրաժեշտությունը, ո՛չ էլ մի շարք այլ հիմնարար սկզբունքներ ու պայմաններ: Ավելին, ընդունված մոտեցումն ի վիճակի չէ լիովին բավարարել բռնի տեղահանված անձանց մեծամասնության նույնիսկ անհատական ու ընտանեկան բնակարանային կարիքները: Հետևաբար, այն մեծապես խթանելու է Արցախի ժողովրդի հետագա արտագաղթը Մայր Հայաստանից և չքավորության մակարդակի խորացումը:

Ցավով արձանագրում ենք նաև, որ սույն որոշումն ընդունվել է ներառականության գրեթե զրոյական պայմաններում՝ խախտելով հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության հռչակված սկզբունքները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և «Հանրային քննարկումների կազմակերպման ու անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման բազմաթիվ կոնկրետ պահանջներ:

Նախևառաջ, խախտվել է նշված կարգի 10-րդ կետը. «Հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ՝ միասնական կայք) հրապարակման եղանակով», քանի որ կառավարության որոշման նախագիծն այդպես էլ չի հրապարակվել նշված կայքերում՝ չնայած մեր բազմաթիվ հորդորներին: Բացի դրանից, թեմայի շուրջ չեն կազմակերպվել նաև հանրային լսումներ ու հանրային հարցումներ, որոնց վերաբերյալ պահանջը ձևակերպված է կարգի 11-րդ կետում:

ՀՀ իշխանություններն անտեսել են Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության շարունակական ու կառուցողական առաջարկներն ու դիմումները՝ ներգրավվելու ծրագրի նախագծի մշակման աշխատանքներում և ապահովելու պատշաճ հանրային քննարկումներ այդ կարևոր ծրագրի շուրջ: Բացի բանավոր բազմաթիվ հորդորներից՝ Նախաձեռնությունն այդ հարցով նաև գրավոր կերպով է դիմել ՀՀ վարչապետին ու փոխվարչապետին (մարտի 6-ին, 15-ին, 21-ին և ապրիլի 30-ին), սակայն բախվել է բացարձակ անտեսման ու մերժողականության: Ավելին, հանրային ճնշման ազդեցությամբ՝ ՀՀ իշխանությունները մարտի երկրորդ կեսին մի քանի օրով կազմակերպել են որոշ պետական պաշտոնյաների ձևական հանդիպումներ տեղահանված արցախցիների խմբերի հետ՝ հանրային քննարկման քողի ներքո միակողմանիորեն ներկայացնելով քննարկվող ծրագրի որոշ դրույթներ: Ակնհայտորեն դիտավորյալ կերպով այդ հանդիպումներում ներգրավված չեն եղել հասարակական լայն խավերի ու փորձագիտական շրջանակների ձայնը ներկայացնող մեր նախաձեռնության ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը՝

Պահանջում է ՀՀ կառավարությունից սեղմ ժամկետում կասեցնել հաստատված ծրագրի ընթացքը և այն դնել պատշաճ հանրային քննարկման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հորդորում է Արցախից բռնի տեղահանված անձանց զերծ մնալ այս տեսքով ծրագրից օգտվելուց, քանի դեռ այն պատշաճ ձևով հիմնարար վերանայման չի ենթարկվել:

Ընդգծում է, որ ՀՀ կառավարության կողմից վերոնշյալ պահանջը չիրականացնելու դեպքում Նախաձեռնությունն ընտրելու է պայքարի այլ մեթոդներ:

Pin It on Pinterest