Տավուշի Կիրանց գյուղի մուտքի մոտ իրավիճակը լարվել է։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 14 քաղաքացու։
Ոստիկանները փակել են գյուղ տանող ճանապարհը և թույլ չեն տալիս քաղաքացիներին, լրագրողներին ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին գյուղ մտնել։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակել այստեղ։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին էլ ոստիկանները թույլ չտվեցին գյուղ մտնել, նա Կիրանց հասավ այլ ճանապարհով։
Բագրատ սրբազանը գյուղացիների հետ զրուցելուց հետո դուրս եկավ Կիրանցից։
«Կարծես ուրվականների քաղաք լիներ, մարդ չկար ընդհանրապես, երբեք կյանքում այսպես չեմ տեսել այս գյուղը։ Իրենց անկյուններում մարդիկ մեռելի պես թաքնված ապրում են, մարդկանց պատիվն են տարել։ Երբ իմացան, որ ես գյուղամեջում եմ, միանգամից հավաքվեցին։ Բոլորի մաղթանքն է, որ այս աղետը կանգմնի և պետք է կանգնի»,-լրագրողներին ասաց վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։
- Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
- Կիրանցում սյուներ են տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատության»-ը փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել, պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե ուղղորդող:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: