Կիրանցեցի Նվարդ Սիմոնյանի փոքրիկ մթերային խանութը գյուղի մուտքի մոտ է։ Հինգ տարի գործող խանութի դռները արդեն մեկ ամիս է կողպված են։ Սեփականատերն անորոշության պատճառով է դադարեցրել խանութի աշխատանքը՝ սկսված սահմնազատումից հետո իր խանութը հայտնվելու է հայ-ադրբեջանական սահմանին, կտուրից մի հատված անգամ Ադրբեջանի տարածքում է լինելու։

«Ադրբեջանի սահմանում է հայտնվել, դրա համար փակել եմ»,-ասում է գյուղի կենտրոնում համագյուղացիների հետ Երևանից Կիրանց հասնող պաշտոնական հայտարարությունները քննարկող Նվարդ Սիմոնյանը։

Տիկին Նվարդի խանութն ադրբեջանական համարվող Խեյրումլի գյուղի անմիջական կողքին է։ Թե ինչպես է ստացվել, որ հինգ տարի առաջ թույլ են տվել այնտեղ խանութ բացել, ԱՁ գործունեություն ծավալել ու հիմա տարածքը սահման դարձրել, նրա համար պարզ չէ։ «Առայժմ կասեցրել ենք աշխատանքը, մեզ դեռ ոչ մի բան չի առաջարկվել, սպասում ենք։ Մեզ փոխհատուցում պետք չէ»,-ասում է տիկին Նվարդը։

Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը Նիկոլ Փաշինյանը վերջին կառավարության նիստին մեծ հաջողություն որակեց, ասաց՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։ Կիրանցեցի Նվարդ Սիմոնյանը Փաշինյանի տեսակետը չի կիսում։

«Ոչ, դրական չեմ համարում, այդտեղ դրական բան չկա։ Դա իր համար է հաջողություն, իր երազանքերն են իրականացվում»,-նշեց բնակիչը։

Հայ-ադրբեջանական սահմանին հայտնված խանութից մի քանի մետր այն կողմ Մհեր Սիմոնյանի տունն է։ Այն ամբողջությամբ է անցնում Ադրբեջանին։ Կիրանցեցի տղամարդը Հայաստանի Հանրապետության կողմից կադաստրի վկայական ունի, որով հաստատվում է, որ տունն ու հարակից այգին իր սեփականությունն են։ Ինչո՞ւ և ինչպե՞ս է իր տունն անցնում թշնամուն, նա պատասխան չունի։

«Ասում են, որ սովետական տարիներին պատմական սխալ է եղել։ Այս տունը 1972-75 թվականներին են սարքել, ադրբեջանցիները 90-ականներին վառել են, ես առել եմ, մի հատ էլ սարքել եմ»,-ասում է Մհերը։

Նրա սեփականությունը շուրջ երկու հազար քառակուսի մետր է, որից բնակելին 240-ին բնակելին է։

Մհեր Սիմոնյանն Իջևանից է Կիրանց տեղափոխվել։ Իջևանյան բակերից մեկում Նիկոլ Փաշինյանի հետ հարևանությամբ են ապրել։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանը, «Ապագա կա, ապագա» կարգախոսով հասել է Կիրանց, Մհերը Փաշինյանին խնդրել է՝ իրենց միայնակ չթողնել։ Փաշինյանը հավաստիացումներ է տվել, կիրանցեցիների քվեները ստացել, իսկ հիմա Կիրանցից առնվազն չորս հոգու սեփականություն և գյուղի կամուրջ հանձնում է Ադրբեջանին, իսկ նորակառույց դպրոցը հայտնվում է հայ-ադրբեջանական սահմանին։ Իշխանության պարզաբանումն այն է, որ խորհրդային միության վերջին քարտեզներով, որով իրականացվում է սահմանազատումը, այս տարածքներն ադրբեջանական են։

Բերքաբերի օկուպացված վարելահողերի վերադարձի մասին, սակայն, խոսք չկա։ Իշխանությունը հայտարարում է 25 հեկտար տարածքի վերադարձի մասին, սակայն, կիրանցեցիները պնդում են, որ այդ հողատարածքները եղել են ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ՝ ականապատված։ Հիմա կառավարությունում հույս ունեն, որ ականազերծում կիրականացվի և գյուղացիները կկարողանան այն օգտագործել ըստ նշանակության։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest