Այս պահին Կիրանցի գյուղապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է գյուղի բնակիչների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ շեշտելով, որ չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ է տեղադրվել, ոստիկանները միայն Կիրացնի բնակիչներին են թողնում գյուղ մտնել:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ից կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երկու օր առաջ հրապարակված սահմանազատման արդյունքներից:
Նշենք, որ մամուլի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել էին գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։
Մայիսի 16-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: