«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պայքարը նոր փուլ է մտնում։

«Երեկ երեկոյան  մեզ հայտնի դարձավ, որ ստորագրվել է մի արձանագրություն, ըստ որի զորքի հետքաշում տեղի պետք է ունենա, Կիրանցի մասով մի քանի ամիս ժամանակ են տվել, որ կամրջի մասը շրջանցեն և Աճարկուտ գյհուղով ճանապարհը գնա։ Բայց, տեսեք, ինչքան էլ որ էս ժամանակահատվածում ի շխանափոխություն տեղի չունեցավ, մենք մեր պայքարը սկսել ենք Ոսկեպար, Կիրանց գյուղերից, հիմա շարունակում ենք Երևանում։ Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Եթե այս ընթացքում չհաջողվի իշխանություններին հեռացնել, միևնույն է, իշխանափոխությունից հետո այս գործընթացը պետք է վերանայվի», -հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Նկատենք, երեկ կառավարությունը տարածել էր, որ սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ըստ աղբյուրի,  ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: «Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով», -հավելել էին հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է Ոսկեպար Բաղանիս գյուղերին, ապա հաղորդագրության մեջ այդ առնչությամբ նշվում էր․ «Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա»։

Գառնիկ Դանիելյանը պնդեց, որ գործընթացն ապօրինի է և նշեց, որ ցանկացած պահի բանակցողի փոփոխության դեպքում նոր իրավիճակ կարող է առաջանալ։

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի  շուրջ քննարկումներին դաշնակցական պատգամավորն ասաց, որ այս պահին կա հստակ առաջնորդություն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ․ «Բագրատ սրբազանն այն մարդն է, որը այս պայքարը սկսել է ու առաջնորդում է։ Ինձ համար ընկալելի թեկնածու Բագրատ սրբազանն է, սահմանադրական արգելքը կարելի է վերացնել, Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ։ Սրբազան հայրն այն մարդն է, որի շուրջ կարողանում են կոնսոլիդացվել բոլոր քաղաքական ուժերը, նա իր էներգետիկայով կարողանում է համախմբել։ Ինձ համար նախընտրելի թեկնածուն անցումային այս իրավիճակում, Բագրատ սրբազանն է»։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest