Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը այսօր քննում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը երկարաձգելու հարցը, հաղորդում է APA գործակալությունը։
Ադրբեջանի պետական ավնտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել է դատարան՝ Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով։
Ադրբեջանը նախկին պետնախարարին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական սահմանն անօրինական հատելու» և «անօրինական զինված կազմավորումների ստեղծմանը մասնակցելու» հոդվածներով։
Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանը, բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը, նախօրեին ևս հինգ ամսով երկարաձգեց Արցախի նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊՆ նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքը։ Ավելի վաղ էլ նույն դատարանի որոշմամբ հինգ ամսով երկարաձգվել է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։
Արցախի նախկին պաշտոնյաներն ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: