Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ակցիան այսօր առավոտյան շարունակել են կառավարության շենքի դիմաց։ Զուգահեռ շենքի ներսում ընթանում էր կառավարության նիստը։ Կառավարության շենքը շրջապատված էր ոստիկանական մեծաթիվ ուժերով, փակվել է Մելիք Ադամյան փողոցը։
«Մենք այստեղ ենք, մենք եկել ենք, որպեսզի հեռացնենք Նիկոլին։ Ձեր վահաններով չեք կարող պահել այս հայրենադավին», -բարձրախոսը ձեռքին գոռում էր ակցիայի մասնակիցներից ԿԱՄՔ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը վերահաստատեց, որ սահմանազատման գործընթացը, որի արդյունքների մասին երեկ վարչապետի աշխատակազմը հանդես էր եկել հայտարարութամբ, ապօրինի է։
«Այս գործընթացը ծայրից ծայր ապօրինի է, իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել ադրբեջանական կողմի հետ և Տավուշի մարզում կատարում են կենսական նշանակության զիջումներ, որը քրեորեն հետապնդելի է։ Հաղորդում է ներկայացվել դատախազությանը», -հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։
Նկատենք, որ կառավարության աշխատակազմը երեկ հայտարարություն էր տարածել սահմանազատման գործընթացի արդյունքների մասին՝ տեղեկացնելով․ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ»:
Ըստ Գառնիկ Դանիելյանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վախի մթնոլորտ է առաջացրել իշխանությունների ներսում, և իրենք զգում են, որ այլևս լեգիտիմ չեն։
Ըստ Գառնիկ Դանիելյանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վախի մթնոլորտ է առաջացրել իշխանությունների ներսում, և իրենք զգում են, որ այլևս լեգիտիմ չեն։
Շենքի դիմաց ակիցայի մասնակիցներից երեք անձի բերման ենթարկեցին։ Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ անձինք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի հիմքով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելը)։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: