Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշեց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ։
«Առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը և երրորդ՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում։
«Առաջինը՝ 5 միլիոն դրամ 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու, երկրորդը՝ 4 միլիոն դրամ 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում, 3 միլիոն դրամ մնացած բնակավայրերում, բացի Երևանի առաջին և երկրորդ գոտիներից։ Եվ 2 միլիոն դրամ կտրվի այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն հիփոթեքային վարկ, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից»,- նշեց Մկրտչյանը։
Նախարարը նաև ներկայացրեց ծրագրի հիմնական պայմանները և թե ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառու։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլորդ անդամները, այդ թվում՝ անչափահասները ունեն կամ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Ձեռք բերվող տան մակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 միլիոն դրամը»,- նշեց Մկրտչյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: