16-ամյա Հարություն Տոնյանը չի սիրում, երբ իրեն պարֆյումեր են անվանում, ասում է՝ ինքը դեռ շատ պետք է սովորի։ Պատանի արցախցին այն տղաներից մեկն է, ում 2023 օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանցիները առեւանգել, ապա ազատ էին արձակել։ Հարությունն այժմ ընտանիքի հետ փորձում է Հայաստանում նոր կյանք կառուցել եւ հասնել իր երազանքին՝ դառնալ իրական պարֆյումեր։

«12 տարեկանից բույրերի վաճառքով եմ զբաղվել, բայց ընթացքում ինձ այնքան է սկսել դուր գալ այդ ամենը, որ սկսել եմ իմ բույրերը ստեղծել, աշխատել, նոր բաներ սովորել։ Իմ խանութ սրահն էի բացել, վաճառում էի, բայց սկսվեց շրջափակումը եւ ինչպես համարյա բոլոր փոքր տնտեսությունները Արցախում, այնպես էլ իմը, անկում ապրեց։ Բայց ես փորձում էի այնպես անել, որ հիգիենայի միջոցների բացակայության պայմաններում մարդկանց օգտակար լինեմ, բույրեր ստանամ ու վաճառեմ։ Անգամ սպիրտն էի ինքս ստանում, որը դեղատներում արդեն չկար»,- պատմում է Հարությունը։

Հիշելով օգոստոսի 28-ի դեպքերը, նա ասում է.«Արցախից Հայաստան էի տեղափոխվում ուսանողական ծրագրով, ռուս խաղաղապահների միջոցով։  Այդ ժամանակ ես չէի կարող ինձ հետ որեւէ իր բերել, որը կխորհրդանշեր Արցախը, ադրբեջանցիները կարող էին խլել։ Իսկ իմ սրվակների վրա պատկերված էր հենց Արցախի անվանումը։ Այդպես մենք ավտոբուսով շարժվեցինք, առանց շատ բան մեզ հետ վերցնելու։ ԿՊՊ-ի՝ անցակետի մոտ ինձ  պահեցին, ասացին, որ գնամ իրենց ետեւից։ Ալենին ծեծելով տարան, ես հասկացա, որ ավելի լավ է նրանց ասածներին ենթարկվենք։ Զգում էի, որ մտածելու ունակությունս կորցնում եմ։ Պատկերացրեք՝ թշնամու ձեռքերում ես, հետդ ամեն բան կարող է պատահել, հասկանում ես, որ եթե մի բան լինի, այլեւս չես կարող որեւէ բան անել՝ չորս կողմդ նրանք են ու զինված են։ Հույս չունեի, որ ինձ բաց կթողնեն… Բայց երկու ժամ հետո, ասացին, որ կարող եմ գնալ։ Հետ տարան անցակետ, այնտեղ ավտոբուսներ կային, որոնք տանում էին մինչեւ Գորիս։ Գորիսից էլ եկա Էջմիածին»։

Այդ դեպքերից ընդամենը կես ամիս հետո տեղի ունեցավ վերջին պատերազմն ու արցախցիների բռնի տեղահանությունը։ «Ես Էջմիածնում էի, եւ սովորում էի եւ աշխատում էի։ Այստեղ էի քրոջս եւ եղբորս հետ։ Ծնողներս Ստեփանակերտում էին։ Ամբողջ օրը մերոնց մասին լուր չունեցանք, միայն երեկոյան նամակ ստացանք։ Ծնողներս գրում էին, մեզ հույս էին տալիս, որ լավ են, թաքստոցում են։ Ինչպես բոլոր արցախցիները, նրանք նույնպես թողեցին իրենց ամբողջ ունեցվածքը եւ երկար ճամփա ընկան դեպի Հայաստան։ Որեւէ բան, ինչպես շատերը, չվերցրեցին տանից, գլխավոր խնդիրը ողջ-առողջ տեղ հասնելն էր… այդպես, իմ սիրելի աշխատանքի հետ կապված որեւէ սարք, որեւէ պարագա դուրս չեկավ Արցախից։ Այստեղ ես ստիպված եղա ամեն ինչ 0-ից սկսել»,- պատմում է պատանին։

Տոնյանների ընտանիքն ապրում է Էջմիածնում, մեծահասակները աշխատում են, կրտսերները՝ սովորում։ Հարությունը հաճախում է քաղաքի թիվ 2 դպրոցի բժշկական թեկումով դասարանը, ասում է՝ բժիշկ դառնալ չի ցանկանում, ուղղակի ուզում է լավ քիմիա սովորել, որ իր աշխատանքում կատարելագործվի։

Նա այժմ բույրերի պատվերներ է ստանում սոցիալական ցանցերի իր էջերով, անգամ պատվիրատուների համար անհատական բույրեր է ստեղծում՝ նախապես նրանցից իմանալով նախընտրություններն ու հոգեբանական հատկանիշները։

Հարությունն բայց ասում է՝ իր համար ամենահարազատը Ստեփանակերտի բույրն էր.«Ստեփանակերտը ուներ քաղցր հիշողության բույր։ Այդ բույրը շատ բաներով էր լցված, օրինակ, սալորի ծառի, երբ ես օրերն էի հաշվում, որ սալորը հասնելու՝ երբ են ծաղիկները հասնելու եւ պտուղ դառնա… Բոլորս էլ դժվար փորձություններով ենք անցել, ինձ երեւի երազելն է օգնում, եւ գործելը։ Ես դեռ հաջողություններ չեմ գրանցել, իմ հաջողությունն այն է, որ ես ինձ համար այս գործն եմ ընտրել։ Մյուս հաջողությունները դեռ առջեւում են։ Երազում եմ մեկնել Ֆրանսիա եւ այնտեղ սովորել ու այդ ժամանակ ինձ արդեն կկարողանաք Պարֆումեր անվանել»։

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest