Այս պահին Ազատության հրապարակը փակ է ոստիկանական մեծաքանակ ուժերով, իսկ հրապարակի մերձակայքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրները՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, հավաք են իրականացնում։ Ցուցարարները երկաթյա արգելապատնեշի ու մահակներով զինված ուստիկանական մեծ խմբի հետևում պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ այս պահին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված Օպերայի շենքին հարակից հատվածներում: Այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը՝ վարչապետը այս պահին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մասնակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան գործարար համաժողովին։ Ի դեպ, համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել շուրջ 3000 մասնակիցներ 74 երկրներից, ինչպես նաև 10 երկրների ֆինանսների նախարարներ։ Փաշինյանը Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենք մուտք է գործելիս ցուցարարները պարզել էին Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները և վանկարկում՝ «դավաճան, հեռացի՛ր»։
Թատրոնի շենքի տանիքին լրատվամիջոցները նաև դիպուկահարներ են նկատել ու նկարահանել։
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ ամենևին էլ արտառոց չէ նման հսկողությունը․ «Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել որոշ ԶԼՄ-ների կողմից։
Եվս մեկ անգամ պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»։
«Ես ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր օրակարգը»,- դեպի Ազատության հրապարակ ճանապարհին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ այս օրերին քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների մեջ են եւ առաջիկայում անելիքների ամբողջական ճանապարհային քարտեզը կներկայացնեն։ Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ այսօր արդեն հանդիպել են «Ապրելու երկիր» կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, եզդիական համայնքի, բժիշկների հետ։ «Առաջիկայում բոլոր քաղաքական ուժերով համատեղ կհավաքվեն եւ քաղաքական որոշումներ կկայացնեն»,- հավելեց նա։
Նա նաև նշեց, որ հայաստանյան ծանրակշիռ մի քաղաքական ուժ աջակցելու է իր գլխավորած շարժմանը․ «Ըստ տվյալների քաղաքական դաշտի ծանրակշիռ մասը աջակցում է մեզ: Խորհրդարանական խմբակցություններն իրենց կուսակցություններով, մի շատ կարևոր ուժ նույնպես, որի անունն այս պահին իրավասություն չունեմ հանրահռչակելու, երևի իրենք կասեն շատ շուտով»:
Իր գնահատմամբ, հրաժարական տալու համար, Նիկոլ Փաշինյանին վախն է խանգարում․ «Տեսեք, թե ինչպիսի վախի մեջ են ապրում այս մարդիկ։ Մարդ, որը հեծանիվով էր շրջում, այսքան ոստիկանների է բերել եւ փոքր կենտրոնը պարալիզացրել է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստվում են ավելի վաղ հայտարարված իմպիչմենտի գործընթացին և հաջողվե՞լ է հավաքել պատգամավորների անհրաժեշտ 36 ձայն, Բագրատ սրբազանը հստակ պատասխան չտվեց․«Չեմ ասելու ոչինչ, գնացեք նախկին ելույթներս լսեք և տեսեք, ամեն ինչ ասել եմ»։ Երբ լրագրողը պնդեց՝ գործնական հարցեր ենք ուզում ճշտել, արքեպիսկոպոսը արձագանքեց․ «Աշխարհը անհնարինների արվեստ է, մի մտածեք»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: