Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով այսօր ևս «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարունակել են անհնազանդության ակցիաները երևանյան հիմնականում կենտրոնական փողոցներում։ Մասնավորապես վաղ առավոտյան քաղաքացիները փակել էին Քաղաքացիները փակել էին Աբովյան, Տերյան փողոցները, Թումանյան-Խանջյան խաչմերուկը: Սակայն ոստիկանության ծառայողները, հիմնականում կարմիրբերետավորները, ակցիայի մասնակիցներին քաշքշելով, տեղ-տեղ բռնության ենթարկելով բերման էին ենթարկում ոստիկանության բաժանմունքներ։

«Մի-ա-ցեք» վանկարկումներով շարժման երիտասարդ մասնակիցները Աբովյան փողոցով քայլում էին դեպի Հանրապետության հրապարակ, երբ ոստիկանության կարմիրբերետավորները ոսռտիկանական մեքենաներով մոտեցան արժման մասնակիցների խմբին ու սկսեցին ուժով տեղափոխել նրանց մեքենաներ։ Այդ ժամանակ մի քանի տասնյակ անձինք բերման ենթարկվեցին։

«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանական ուժերի անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք, ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին։ «Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքքով որևէ կարմիրբերետավոր պատասխանատվության չի ենթարկվել, և այդ բացահայտ հովանավորչությունը կատարվել է քաղաքական պատճառներով», -ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։

Ակցիայի մասնակիցների թվում էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը հայտարարում էր, թե իրենց պայքարը հանուն երկրի անվտանգության է։

Բագրատ սրբազանը փոխգնդապետին հարցրեց. «Մարդկանց ինչո՞ւ եք բերման ենթարկել, կարգը ոչ ոք չի խանգարել: Մեր տրամադրությունը կարգ խանգարելը չի, լսե՛ք, մարդկանց ապօրինի բռնել տարել եք: Այս ցուցադրություններն անելով՝ տղե՛րք, ոչ մեկը չի վախենում ձեզանից: Եթե որեւէ ավելորդ քայլ դուք կանեք, ես խոստանում եմ, որ ամբողջությամբ լինելու է ձեր պատասխանատվության վրա և վերջը ամեն ինչի: Հանդարտվե՛ք, խաղաղ հետ գնացեք, էս ժողովրդին էլ մի փորձեք ահաբեկել, մենք կարգ խանգարելու համար չենք, մեր ոչ տրամաբանություն է այդպիսին, ոչ էլ տրամադրությունը: Էս տղաներին բերել եք ահասարսուռ տեսարա՞ն ստեղծելու, մարդկանց ինչո՞ւ եք ուզում ահաբեկել»:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները, երբ հանդարտ էր իրավիճակը, Բագրատ արքեպիսկոպոսի ուղեկցությամբ Հանրապետության հրապարակից ճանապարհ ընկան դեպի Երևանի պետական համալսարան։ «Եկել ենք ուսանողներին բարևենք»,- ասաց սրբազանը՝ նկատելով, որ ըստ հրապարակումների՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հավաքել է դասախոսներին ու զգուշացրել, որ դասադուլների գնացած ուսանողներին դնեն բացակա։ Բագրատ Արքեպիսկոպոսը հստակեցրեց՝ եկել են ԵՊՀ պարզելու՝ արդյոք նման բան եղե՞լ է, թե ոչ։

Սակայն պրոռեկտորը մոտեցավ ակցիայի մասնակիցներին ու հայտարարեց, որ նման հրապարակումները զրպարտություն են և նման բան չի եղել։ «ԵՊՀ-ն ուսանողակենտրոն հաստատություն է, և այստեղ նման բան լինել չի կարող», -հավելեց Ասրիյանը։ Արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց նման վերաբերմունքի համար։

Երեկ Բագրատ Սրբազանը շրջել էր ստեղծագործական միություններով, այցելել նկարիչների, գրողների միություններ։ Այսօր հերթը Լրագրողների միությանն էր։ Այստեղ կարճատև զրույցից հետո նրա ուղեկցությամբ շարժման մասնակիցները քաղաքում շրջել են հասարակական տրանսպորտով, երթևեկել մետրոյով։

Ավելի ուշ արդեն երեկոյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու այգում հանդիպել է արժման համակիրներին ու խոսել նրանց հետ։

Հաղորդում դատախազությանը Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի դեմ

Բացի անհնազանդության ակցիաներից, մայիսի 14-ին բողոքի ակցիա է իրականացրել նաև «Հայաքվե» նախաձեռնության անդամները․ Ավետիք Չալաբյանը և Մենուա Սողոմոնյանը հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: Նրանք փաստաթուղթը հանձնեցին Գլխավոր դատախազության ներկայացուցչին։

Ավետիք Չալաբյանը վստահ է՝ սահմանազատման գործընթացը, որ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում, օրենքից դուրս է։

«ՀՀ սահմանը, մեր օրենսդրությամբ, կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա: Իսկ միջազգային պայմանագիրը, որը եթե կնքվում է, նախ պետք է ՍԴ-ի կողմից վավերացվի, ապա հաստատվի ԱԺ-ում: Նաև, Սահմանադրության 205-րդ հոդվածի պահանջով, ՀՀ տարածքին վերաբերվող պայմանագրերը պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով»,- այսօր դատախազության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նրա պնդմամբ, եթե երկրում որևէ տեղ սահման է որովում, ապա դրա համապատասխան որոումը միջազգային պայմանագրի կարգավիճակ ունի ու պետք է հստակ փուլեր անցնի, մինչդեռ այժմ իրականացվողն այս ամենից դուրս է։

«Սահմանազատման հանձնաժողովը վերազանցում է իր իրավունքները, ինչը մեր բոլորիս իրավունքների խախտում է։ Հայաստանի տարածքային բոլոր հարցերը որովում են հանրաքվեի միջոցով։ Դա սահմանադրական պահանջ է», -ընդգծեց Չալաբյանը։

Նա ասաց, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչների դժգոհություններն ու մտահոգությունները կապված են սահմանազատման հետևանքով գյուղի մի մասը Ադրբեջանին հանձնելու հետ։ Կարևորը՝ կան տուժողներ։ «Իրական տուժողները մենք բոլորս ենք, քանի որ ճանապարհ ենք կորցնում, իսկ բնակիչները համար առաջին, նյութականացված տուժողներն են։ Գյուղի մի մասը մարդկանց տներով, այգիներով, բանջարանոցներով հանձնվում է թշնամուն։ Բնականաբար որևէ պաշտոնյա նման իրավասություն իր վրա չի վերցնի, քանի որ դա վերազանցում է, ինչը պատժվում է քրեական օրենսգրքով։ Եթե այդ վերազանցումն իրականացվել է կազմակերպված խմբի միջոցով, ապա դա ծանր հանցագործություն է։ Եթե այդ ճանապարհի մեկ միլիմետր հանձնվի Ադրբեջանին, ես գնալու եմ ներկայանամ որպես տուժող», -ասաց Չալաբյանը՝ հավելելով՝ հետամուտ են լինելու, որ անպայմանորեն քրեական գործ հարուցվի։

Չալաբյանը զգուշացրեց սահմանազատման հանձնաժողովի անդամներին ու դրա նախագահին, որ հետ կանգնեն այդ քայլից, քանի որ քրեական պատասխանատվության տակ են ընկնելու և հայտարարել, որ ընդունված փաստաթուղթը խորհրդատվական նշանակություն ունի ու դեռ պետք է անցնի համապատասխան ընթացակարգերը, անցնի հանրաքվեի միջով։

Եթե քրեական գործ չհարուցվի, իրավական ընթացակարգերը չպահպանվեն, ապա, ըստ Չալաբյանի, իրենք հանրային ճնշում են գեներացնելու, որը «ի վերջո նրանց կվերադարձնի իրավական դաշտ»։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest