News.am-ը գրում է․
Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր և սև բերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկում փողոը փակած քաղաքացիներին: Այստեղ քշքշոց սկսվեց, որի ընթացքում 24-news.am լրագրող Մերի Մանուկյանի ինքնազգացողությունը վատացավ, նա ուշաթափվեց։ Նրան օգնություն են ցուցաբերել ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը։
24-news.am-ի խմբագիր Նարեկ Գալստյանը այդ առնչությամբ ֆեյսբուքյան գրառում է արել․ «Բերետների գազանության պատճառով գիտակցությունը կորցրեց իմ ընկեր, գործընկեր Մերի Մանուկյանը»։
Բացի այդ, Աբովյան փողոցում աստիճաններով բարձրանալիս ոստիկանության ծառայողը հետեւից հրել եւ գցել է ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանին:
Այս առնչությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից:
Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: