Այսօր վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները փակել են երևանյան մի քանի փողոցներ՝ հետևելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչին։ Մասնավորապես, փակվել էին Մյասնիկյան պողոտան, Աբովյան փողոցը, Բուզանդի և Տերյան փողոցները, սակայն ոստիկանության ուժերը շատ արագ բացում էին դրանք՝ քաշքշելով բերման ենթարկելով ակցիաների մասնակիցներին։
Լրագրողների հետ զրույցում Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ քաղաքացիներին անխտիր բերման են ենթարկում։ Նրա խոսքով ՝ ոստիկանության աշխատակիցները հարվածել են լրատվամիջոցներից մեկի օպերատորին, ինչի հետևանքով վնասվել է տեսախցիկը։
Տերյան փողոցում փողոց փակած քաղաքացիներին մոտեցան կարմիրբերետավորները և սկսեցին հերթով նստեցնել ոստիկանական մեքենան։ Քաղաքացիներից մեկը չէր ենթարկվում ոստիկանների հրահանգին, և ուժայինները մի քանի հոգով նրան տապալեցին գետնին ու ձեռքերը բռնելով տարան մեքենա։
Տեսանութը՝ News.am-ի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: