Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում իր ելույթն սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որակելով ստախոս։ Հոգևորականը դա արեց Փաշինյանի մի քանի հարցազրույցների տեսագրությունից հետո, որտեղ նա հակասական հայտարարություններ էր արել։
«Ժողովուրդ ջան, որ ասում ենք այս մարդը ստախոս է, չենք չափազանցնում։ Խոստացել էր որ այս ագորայում ելույթ կունենա, իր ժողովրդին կներկայացնի, որևէ բան չի անի առանց ձեր դատի, ո՞ւր է հիմա։ Ինքը գիտի՝ ուր է, մենք էլ գիտենք՝ ինչ ենք ուզում», -հայտարարեց Բագրատ Գալստանյանը։
Այնուհետև նա շուտափույթ վերադարձ մաղթեց Բաքվի բանտերում Արցախի գերության մեջ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարությանը․ «Մեր ամոթն է նրանց՝ այնտեղ գտնվելը»։
Նրա խոսքով, Հայաստանը «թշնամու երախում» միայնակ է թողել բնիկ արցախցի ժողովրդին ու «դիտորդի կարգավիճակով նայեցինք, թե ինչ է տեղի ունենում մեր հայրենիքի հետ»։ «Այսօր նրանք իրենց հայրենիքում են, Հայաստանի տարբեր մասերում։ Ով կբաժանի արցախցի, հայաստանցի, նա ուրացող է», -հայտարարեց Բագրատ արք․ Գալստանյանը։
Նա աաց, որ ինքն իր կյանքը միշտ աղոթքով, Սաղմոսով է սկսել և ասել․ «Տերն է իմ լույսն ու կյանքը և իմ կյանքի ապավենը՝ ես ումից եմ վախենալու»։
«Այսօր գրությամբ եմ եկել: Տառապանքից, ցավից ու կորուստներից խոցված ժողովուրդ, այսօր ես դուրս եմ եկել պայքարի, որովհետև մենք ապրում ենք գողացված ուրախության և անպատվության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ՝ խտացված ազատությամբ լեցուն հատվածը, իմ ու ձեր սիրելի Արցախ աշխարհը։ Երբ բոլոր ուղղություններով վտանգված են մեր հայրենիքի սահմանները:
Մինչև այսօր ունենք հազարավոր զոհեր, անհայտության մեջ գտնվողներ, վիրավորներ, որոնց թիվը մինչև հիմա ճշտված չէ, վտանգված է մեր ինքնությունը։ Ապրում ենք ստի, թշնամության և ատելության միջավայրում: Այս պայմաններում եմ ես արձագանքել իմ Տիրոջ հորդորին, երբ հարցնում էր՝ ո՞ւմ ուղարկեմ այս ժողովրդի մոտ։ Վստահ եմ, որ դուք էլ եք այդ ձայնը լսել»,- նշեց նա:
Բագրատ Գալստանյանի խոսքով՝ ստի և ճշմարտության պայքարի մասին է այս շարժումը, թշնամության և հաշտության պայքարի մասին է, որում անկասկած հաշտությունն ու ճշմարտությունը պետք է հաղթեն։
«Ամբողջությամբ ստով պարուրված իրադարձություն է այս սահմանազատումը, որն այս կառավարության ղեկավարի հիմնական գործիքն է, եթե չասեմ մշտականը։ Տեղի է ունենում հակաօրինական ու հակասահմանադրական գործընթաց՝ ուժի սպառնալիքի միջոցով։ Մենք՝ այս շարժումը, բանական մարդիկ, դեմ չենք սահմանագծմանը և սահմանազատմանը, սակայն այն պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով և ըստ ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի հիման վրա՝ երաշխավորների ներգրավմամբ և համապարփակ, ամբողջական մեկ փաթեթով։ Այս գործընթացը պետք է դադարեցվի, ժողովուրդ։ Մենք գիտենք, որ մայիսի 15-ին այդ գործընթացի վերջին ժամկետն է»,- ընգծեց հոգևորականը։
Առաջարկ հաշտության կառավարություն ստեղծելու մասին
Տավուշի թեմի առաջնորդը իր ելույթում վերահաստատել է իր ղեկավարած շարժման պահանջը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ «Անցած անգամ ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, նրանց ձայները 35-ն են։
Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին։ Այսինքն առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել։ Մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը»,- նշեց հոգևորականը։
Նրա խոսքով՝ այս շարժումը հռչակել են չակնկալիքների պայքար, այսինքն շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ այս օրերին գտնվում ենք պայքարի բովում։ «Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ»,- շեշտեց Բագրատ արքեպիսկոպոսը։
Նա նաև ներկայացրեց՝ ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը․
«Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ ու ընդունակ, բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանցով՝ հնարավորություն տալով, անկախ մարդկանց կուսակցական պատկանելիության, ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտության մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա:
Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն ու ապահով, ոչ թե սրա ու նրա քմահաճույքներով, հարազատների ու բարեկամների լցոնումներով պայմանավորված: Անցումային կառավարությունը պետք է երաշխավորի արդար ու ազատ ընտրությունները»։
Գալստանյանի խոսքով՝ մինչև նոր ընտրությունները, չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ, պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները: Նոր կառավարությունը պետք է մերժի հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալուց՝ զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը, պետք է ապահովի սեփական ժողովրդի ուժականությանն ու կամքին:
«Չպետք է ճանաչի որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն՝ չվավերացնելով ուժի կիրառված իրողությունները: Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով: Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը»,-հայտարարեց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով՝ պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերությունների համար` ներգրավելով բոլոր կարող ուժերը ՀՀ-ի և Սփյուռքի կյանքի զարգացման մեջ` թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակով:Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները` կլինեն դիվանագետներ, զինծառայողներ, պետական ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր ինքնակամ հեռացել են կամ անարդարացիորեն հեռացել են աշխատանքից նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով:
«Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման փուլ, ուղղակի անհրաժեշտություն է մեր ապաքինումը՝ հոգևոր ապաքինումը: Զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգով։ Պետք է բանտերից ազատ արձակվեն քաղաքական հայացքներով բանտարկված բոլոր անձինք: Ինչպես նաև` ամբողջ ջանքը ներդրվի` վերադարձնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս գերեվարված տղաներին: Պետք է զարգացնել և մշակել նոր ռազմական դոկտրին»,- ընգծեց հռետորը։
Նաև հավելեց․ «Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով, և բնականաբար մեր ժողովրդի ցանկությամբ։ Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք են և անհրաժեշտ են իրավաբանների հետ քննարկումներ, որոնք, վստահ եմ, երկու օրվա ընթացքում կհստակեցվեն և կներկայացվեն ձեզ»։
Ի դեպ, հոգևորականն ասաց նաև, որ վարչապետի թեկնածուն, որին կառաջադրի շարժումը, չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ։
Ինչ վերաբերում է շարժման հետագա գործողություններին, Բագրատ արք․ Գալստանյանը տեղեկացրեց, որ հանրահավաքները դադարեցնում են, բայց անհնազանդության ակցիաներ տեղի կունենան։ «Հանրահավաքները կլինեն այն ժամանակ, երբ դրանց անհրաժետությունը կլինի»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: