Պատերազմ լինելո՞ւ է, թե ոչ, այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում հարցադրում է արել Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը և անմիջապես պատասխանել այդ հարցին․ «Մեզ սպառնում են պատերազմով՝ ասելով, որ սահմանազատման հետ կապված անօրինական քայլերի այլընտրանքը պատերազմն է։ Ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»։
Վահագն Մելիքյանը տեղեկացրեց, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը օրեր առաջ դիվանագետների խորհուրդին հանձնարարել է պատրաստել հակիրճ փաստաթուղթ՝ Հայաստանի սահմաններին կատարվող գործընթացի վերաբերյալ՝ նկարագրել իրավիճակը ու դրանից բխող հնարավոր հետևանքները։
Ներկայացնելով սահմանազատման վերաբերյալ խորհուրդի պատրաստած նյութը, Մելիքյանն ասել է, որ Հայաստանում սահմանազատման «ապօրինի գործընթացն» իրականացվում է «ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի արունակություն թվացյալ խաղաղության պայմաններում»։ Նա վկայակոչեց Ալիևին, որն ասել էր, թե առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ։
«Անվտանգության որևէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու, և հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է կախված նալ մեր ժողովրդի գլխին։ Հստակ է, որ չկան բանակցություններ, և գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով։ Ավեին, երկու երկրների միջև խաղաղության համապարփակ պայմանագրի, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանազատում և սահմանագծում անցկացնելը աննախադեպ երևույթ է դիվանագիտական պատմության մեջ։ Դա ուղղակիորեն կասկածի տակ է դնում դրա օրինականությունը», -հայտարարել է Մելիքյանը։
Նրա ներկայացմամբ, ընդհանրապես, սահմանազատման գործընթացի համար հիմք է ծառայում երկու կողմերի միջև բանակցված ընդհանուր մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։ նախկին դիվանագետի եզրահանգմամբ, Ալմաթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք համարվել։ «Ալմաթայի հռչակագիրը չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջը։ Հռչակագիրը չունի սահմանային նկարագիր, դրան կցված չեն քարտեզներ։ Այնտեղ կա միայն նշում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հարցը», -ընդգծել է նախկին պաշտոնյան։
Նա շեշտել է, որ սահամանգծում անցկացնելու համար անհրաժեշտ է միջպետական համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն էլ իր հերթին պետք է վավերացված լինի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Իսկ եթե որևէ տարածք սահմանագծման հետևանքով պետք է հանձնվի Ադրբեջանին, ապա ըստ Մելիքյանը, հարցը պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի․ «Եզրակացությունը մեկն է՝ այդ գործընթացը անօրինական է ու հակասահմանադրական»։
Վահագն Մելիքյանը, նկատենք, Հայաստանի Սփյուռքի նախարարի տեղակալն է եղել նախկինում, այնուհետև 2018-ին նշանակվել է ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը, իսկ 2021-ին ազատվել պաշտոնից։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: