Վաղը Հայաստանի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու։ Այդ մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Հրաժարականի պահանջն այս ժողովրդի պահանջն է եղել, այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է։ Ինձ կապում են մեծ երկրների հետ, ազդեցությունների գոտիների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։
Դրա համար եմ խորհուրդ տվել միշտ՝ հայելի պահեք ձեր տներում։ Հայելու մեջ նայեք, նայեք ու տեսեք ձեզ։ Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին ծառայելուն կոչված են, հայկական օրակարգին ծառայելուն կոչված են, կոչված են, որպեսզի Եռագույնը հաղթի սև ու սպիտակին, որպեսզի Հոգևոր Հայաստանը հաղթի «նոր» Հայաստանին, այդ մարդիկ ամբողջության մեջ ոչ միայն ընդունելի են, այլև քաջալերելի և գովելի են։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ծախու գրչակներ են, ովքեր պատվերով իրենց ինքնությունը վաճառողներ են, ամեն ինչի ընդունակ են՝ մարդկանց վիրավորելու, սևացնելու, պախարակելու՝ անպատասխանատու ձևով ինչ ասես ասելու, նրանք ուղղակի որպես գոյացություններ՝ կվերանան մեր կյանքից մի օր»,- ասաց արքեպիսկոպոսը։
Բագրատ սրբազանը հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և սահմանագծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։
«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խափված ու ստված, որ իմանան իրական պատկերը որը պետք է լինի։ Հրաժարականի պահանջն այս ժողովրդի պահանջն է եղել, այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է: Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի»,- ընգծեց Բագրատ Սրբազանը։
Նա նաև հավելեց, որ վաղը Հայաստանի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու և վաղը հանրահավաք չի լինելու։ «Կիրակի երեկոյան, ժամը 6 անց կես, հավաքվում ենք, և կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու»,-ասաց նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: