Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարած հնգօրյա երթը Տավուշի մարզի Կիրանց գյուղից մայիսի 9-ին հասավ Երևան։ Մինչ այդ Շիրակի մարզից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, իսկ Երևանից էլ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ճանապարհ ընկան դեպի Աբովյան։ Այստեղից արդեն մայիսի 9-ին Բագրատ Արքեպիսկոպոսի գլխավորությամբ շարժվեցին դեպի Երևան, Հանրապետության հրապարակ։
Բագրատ արքեպիսկոպոսին և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացել են մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ՝ ՀՅԴ հայաստանյան և սփյուռքյան կառույցներ, ՀՀԿ երիտասարդական թևը, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ, ՌԴ հայերի միությունը (Արա Աբրահամյան), «Հայաքվե»-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, Վիտալի Բալասանյանը, ԱԺԲ-ն և Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, Պարույր Հայրիկյանը, Ատաշես Գեղամյանը և ուրիշներ։ Արդեն Երևանում Սրբազանի գլխավորությամբ երթին նրան միացան ՀՀ ԱԳ նախկին նախարարներ Արա Այվազյանը և Վարդան Օսկանյանը։ Վերջինին լրագրողները հարցրին՝ ինչու է միացել շարժմանը, նա պատասխանեց․ «Փոփոխությունների ժամանակն է»։ Նկատենք, որ Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը չի միացել այս շարժմանը, թեպետ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել էր, որ իրենք էլ բողոք ունեն գործող իշխանության վարած քաղաքականության դեմ։
Հրապարակում հազարավոր մարդիկ էին սպասում․ հանրահավաքը պետք է մեկնարկեր ժամը 16։00-ին, սակայն մարդկանց բազմամարդ լինելու պատճառով Սրբազանը չէր կարողանում Ամիրյան փողոցից մոտենալ Հրապարակում տեղադրված հարթակին։ Հարթակից մարդկանց հորդորում էին մի կողմ քաշվել ու ճանապարհ տալ Սրբազանին։
Մինչ հանրահավաքի մեկնարկը և ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, և Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություններ էին տարածել՝ շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։
«Ես չէի պատկերացնում այսքան շատ մտերիմ բարեկամներ ունեմ», -ծափահարությունների ներքո հարթակ բարձրանալուց հետո հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Տավուշի թեմի առաջնորդը սպիտակ հագուստով էր սկսել իր երթը Աբովյանից, որը ելույթում բացատրեց՝ հաշտության, խաղաղության խորհրդանիշն է։
Նա երգեց Հայաստանի օրհներգը, Տերունական աղոթքն ասաց ու ընդգծեց․ «Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մենք միասին հավաքվել ենք վերստին հաստատելու ու ասելու, որ ոչինչ և ոչ ոք չի կարող հայոց հոգին ընկճել։ Մենք Կիրանցում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին, հիմա ժամանակն է ասել, որ եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին»։
Արքեպիսկոպոսի ելույթից պարզ դարձավ, որ երթի ընթացքում սրբագրել են պահանջները․ եթե մինչ Երևան հասնելը շարժման ներկայացուցիչները ասում էին՝ շարժումը քաղաքական չէ և ՀՀ կառավարությունից պահանջելու են պարզաբանումներ ներկայացնել Տավուշի մարզում ընթացող սահմանազատման գործընթացի վերաբերյալ ու հրաժարվել դրանից, ապա հանրահավաքի ընթացքում հայտարարվեց՝ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Գալիս էինք պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել ու հետո բոլորիn ահաբեկել, սպառնացել։ Եկել էինք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքի։ Պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու դադարեցնելու այս միակողմանի ապօրինի գործընթացը՝ հակամարդկային, ուժի պարտադրանքի սպառնալիքի ներքո կատարված։ Մենք դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ սահմանագծմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա անընդունելի է։
Շատ հստակ եմ ուզում ասել, որ բոլոր տեսակի մանիպուլացիաներից հրաժարվենք։ Մեզ համար գործընթացը երկու երես ունի՝ իրավական ու բարոյական։ Մենք չենք պատերազմի հրձիգները, հրահրողն էլ եք դուք, կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք։ Մենք հստակ խաղաղություն ենք ուզում, արժանապատիվ խաղաղություն ենք ուզում։ Մենք այս շարժումը որակել ենք չակնկալիքների պայքար, կա միայն մեկ գաղափար՝ հայրենիք ու պատիվ։ Մենք համոզված ենք ճշմարտության հաղթանակի մեջ, սուտը մեր երկրում պետք է վերանա, մշակույթ է դարձել սուտը։
Մենք եկել ենք հաշտության մտքով, լայն հասարակական հաշտության մտքով։ Մարդիկ իրար չեն վստահում, ընտանիքներում է պառակտումը, ատելությունը դարձել է ընդհանրական մշակույթ։ Մենք հաշտության օրակարգ ունենք, որը պետք է իրականություն դարձնենք։
Մեր պահանջը՝ այս կառավարությունը իր ղեկավարի գլխավորությամբ ծայրից ծայր ձախողել է երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը ֆիզիկական իմաստով, եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, ցեղասպանության գաղափարի ժխտումը ու կեղծ խոսույթը բերել մեր կյանք։
Այս ամենի խորապատկերի վրա կարծում եմ սխալված չեմ լինի ժողովուրդ ջան, հայտարարել՝ Նիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու։ Ես պատրաստ եմ հանդիպելու ու քննարկելու բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ իշխանություն չունեք։ Եվ ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից», -հայտարարեց Բագրատ Գալստանյանը։
Նա կոչ արեց հրապարակում նշել Համբարձման տոնը, մինչև Նիկոլ Փաշինյանը կարձագանքի իր պահանջին․ «Սպասենք մեր պահանջի իրականացմանը, որը հուսամ չի արհամարվի, հուսամ՝ կգնահատեն ճշմարտությունը ու կկատարեն իրենց պետական պարտավորությունը»։
Մինչ հանրահավաքի մասնակիցները սպասում էին՝ կլրանար Փաշինյանին տրված մեկ ժամ ժամանակը, ելույթ ունեցավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը, որը Կիրանց գյուղից երթով եկել է դեպի Երևան։ Նա հայտարարեց, որ հրապարակում հավաքվածները ունեն կորցնելու բան՝ հայրենիք, պատիվ։ «Մեզ շարունակ փորձում են վախեցնել պատերազմով, ասել, որ խաղաղություն են բերում, բայց ստում են։ Այն, ինչի մասին խոսում են, ամենևին խաղաղությունը չէ։ Նրանք խաղաղասեր չեն, անօգնական են», -նշեց նա։
Մեկ ժամ հետո վարչապետը չարձագանքեց իրեն տված վերջնագրին, գործը թողնելով կուսակիցներին։ «ՀՀ ընտրված վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան», -ժամանակի ավարտին իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ գրառմանը կցելով Փաշինյանի լուսանկարը։
Բաղդասարյանին հետևեցին ԱԺ ՔՊ պատգամավորները՝ հրապարակելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ նույն բովանդակությամբ տեքստի ուղեկցությամբ։ Մեկ ժամն ավարտվելուց հետո Բագրատ Գալստանյանը ևս 20 րոպե ժամանակ տվեց, սակայն դա էլ ավարտվեց առանց Նիկոլ Փաշինյանի անձնական արձագանքի։
Եվ միայն դրանից հետո Բագրատ արքեպիսկոպոսը ներկայացրեց իր ղեկավարած շարժման առաջիկա քայլերը․ «Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը ու պաշտոնանկության հասնելը։ Մենք երեք խմբակցությունների հետ կքննարկենք այդ գործընթացը կազմակերպելու վերաբերյալ։ Իզուր բարդացրեցիր մեր կյանքը քոնն էլ մեզ հետ»։
Այնուհետև Տավուշի թեմի առաջնորդը «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ առանձնացավ հրապարակի մերձակա հյուրանոցներից մեկը՝ քննարկելու անելիքները։ «Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք, և իրենք պատրաստ են իրենց բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու իմպիչմենթի գործընթաց սկսելու», -հայտարարեց Բագրատ Գալստանյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ 20 ձայն, այդուհանդերձ, պակասում է անվստահություն հայտնելու համար։
Բացի խորհրդարանի միջոցով անվստահություն հայտնելը, Գալստանյանը ուսհաստատություններին, գործարարներին խաղաղ անհնազանդության ու անհամաձայնոթյան գործողությունների կոչ արեց։ Նա ֆիզիկապես հոգնած քաղաքացիներին ուղարկեց տուն՝ հորդորելով վաղն առավոտյան գալ հրապարակ և միասին գնալ «կաթով սուրճ խմելու»։
«Ընդամենը մի քանի օր անհնազանդության ակցիաներ իրագործեք մեր նպատակին հասնելու համար։ Եվ ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը, առավել ժամանակ չկա․․․ոչ ման գալ, ոչ պտտել աջուձախ, կոնկրետ գործողությունները կանենք, կոնկրետ արդյունքը կստանանք»,-հայտարարեց նա։
Երբ հանրահավաքն ավարտվեց, ու արքեպիսկոպոսը հարթակից իջավ, լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, ո՞վ է հանրահավաքի կազմակերպիչների թեկնածուն, Բագրատ Գալստանյանը հստակ պատասխան չտվեց։
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Հարցին, թե ինքը հավակնո՞ւմ է վարչապետի պաշտոնին, արքեպիսկոպոսը պատասխանեց․ «Բացարձակ, ես ուզում եմ վերադառնալ Իջևան ու քնել»։
Իջևան, այսօր Սրբազանը չի գնա, ասաց կգիշերի հրապարակում։
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: