Այս շարժումը ո՛չ իմ, ո՛չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք: Այս մասին «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցների հետ զրույցում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

Տավուշի հոգեւոր առագնորդ Բագրատ արքիեպիսկոպոսի առաջնորդած շարժումը բազմաթիվ հարցեր է առաջացնում հասարակության շրջանում, առաջին հերթին՝ կապված իշխանափոխության հետ։ Սրբազանն, այնուամենայնիվ, որպես պահանջ միայն «անօրեն սահմազատման դադարեցեւմն» է ներկայացնում։

«Սահմանազատումը օրինական հիմքով իրականացնելու» պահանջը իր մեջ հսկայական ներուժ է պարունակում, որը կարող է հանգեցնել ոչ միայն իշխանափոխության, այլեւ Հայաստանի՝ ռուսական գաղութատիրությունից ազատվելուն։ Որքանո՞վ է գիտակցված այդ պոտենցիալը, կկարողանա՞ արդյոք հասարակության մի մասը ստիպել իշխանությանը գործել միայն իրավական դաշտում։ Եւ ի՞նչ իրավական հիմք են առաջարկում բողոքողները։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ բաց տեքստով հայտարարել է, որ «եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, եւս մեկ քայլով հարձակվելը, չգիտեմ, թող ջոկատներ կազմեն»։ Նա ասում է, որ չի տեսնում առաջարկ Շարժման կողմից, իսկ ներկայիս գործընթացի միայկ այլընտրանքը՝ պատերազմն է։

Իշխանական հարող ուժերը բողոքի շարժմանը մեղադրում են ոչ միայն պատերազմ հրահրելու, այլեւ Ռուսաստանի կամքը կատարելու մեջ։ Թե ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանի սահմաններին, որ չի կարողանում անել Փաշինյանի կառավարության միջոցով եւ ստիպված Բագրատ սրբազանի ձեռամբ է անում, իշխանամետ ուժերը չեն ասում։

Սակայն «Ազատության» հետ զրույցում ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը բացել է փակագծերը։ Նա ասել է, որ ռուսներն «իսկապես ցանկանում են մաս կազմել այս սահմանազատման գործընթացին: Եվ այստեղ օրակարգն այն է, որ ուզում են ռուս սահմանապահներին տեղադրել Հայաստան-Ադրբեջան սահմանին»։  

Ահա առանցքային հարցը։ Թոմ դը Վաալը կարծում է, որ Փաշինյանը իբր չի ուզում, որ այնտեղ ռուս սահմանապահներ լինեն, բայց Բաքուն ու Մոսկվան արդեն պայմանավորվել են։ Եւ Փաշինյանը, համաձայվելով մայիսի 8-ին Մոսկվա գնալ եւ մայիսի 10-ին իր արտգործնախարարին Ալմաթի ուղարկելով, փաստորեն համաձայնել է այդ «առաջարկին»։

Ի դեպ, Թոմ դը Վաալը ասում է, որ ռուսները կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նաեւ «Զանգեզուրի միջանցքի» երկանքով, եւ դա էլ է համաձայնեցված։ Նա ասում է, որ չկա բանակցությունների եվրոպական եւ ամերիկյան ձեւաչափ, կա ինչ-որ «երկկողմանի» ձեւաչափ, որի հետեւում, ըստ էության, Ռուսաստանն ու Ղազախստանն են։

Որպեսզի ռուս սահմանապահները հայտնվեն հայ-ադրբեջանական պայմանական սահմանին, Երեւանն ու Մոսկվան պետք է նոր պայմանագիր կնքեն, քանի որ գործող պայմանագրով ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը կարող են տեղակայվել միայն Իրանի եւ Վրաստանի հետ սահմաններին։

Փաշինյանը չի մեկնաբանում, արդյո՞ք Տավուշում եւ Վրաստան տանող ճանապարհին ռուս սահմանապահներ կարող են հայտնվել։ Ռուսական զորքերն այնտեղ արդեն ներկա են 2020 թվականից հետո, ընդ որում՝ ՀՀ կառավարության «բանավոր խնդրանքով»։ Եւ Բագրատ սրբազանը ակնարկել է դա, պատասխանելով իր՝ ռուսական ագենտ լինելու մեղադրանքներին։

Այս իրավիճակի ֆոնին ակնհայտ է, որ հիմնական գործընթացը տեղի է ունենում սահմանին, որտեղ արդեն շուրջ 40 սահմանային սյուն է տեղադրվել, բարձրունքներ են հանձնվել եւ ականազերծում իրականացվել: Կիրանցում ապրիլի 19-ին սկսած բողոքները չեն կանգնեցրել այդ գործընթացը եւ դժվար թե կանգնեցնի մայիսի 9-ին Երեւանում սպասվող հավաքը։ Եթե, իհարկե, սահմանապահների ազգությունը եւ նրանց՝ Հայաստանում գտնվելու հիմքերը չվիճարկվեն։

Այն, որ մինչ հիմա իշխանությունները նման հարց չեն մեկնաբանում, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները չեն բարձրացնում այդ հարցը, խոսում է որոշակի կոնսենսուսի մասին՝ ռուսների մասին կամ լավը, կամ ոչինչ։

Ի դեպ, երեկ Տավուշի մարզպետարանի կայքում տեղեկություն է տեղադրվել, որ հարգվել է 33 տարի առաջ այս օրերին Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակը։ Կայքում խնամքով թաքնված է ոստիկանների զոհվելու պատճառը։ Իսկ 33 տարի առաջ մայիսի 5-6-ին ռուս զինվորները ադրբեջանական օմօն-ի ուղեկցությամբ Ոսկեպարում «Կոլցո» գործողություն էին իրականացնում։

Գործողությունը շարունակվում է հիմա, եւ «իշխանություն-ընդդիմություն» սահմանագիծը կարող է անցնել միայն այս գործողության վերաբերյալ գնահատականով։

Նաիրա Հայրումյան

 

 

Pin It on Pinterest