Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով մեղադրանք ներկայացվել է 68-ամյա մի մարդու, որը Տիգրան Դերմոյանն է, Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 329 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ առևերույթ կատարելու համար, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելը։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, հիշեցնենք, ապրիլի 24-ին կրտսեր դստեր՝ Արփի Փաշինյանի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ԱԺԲ անդամները, տեսնելով Աննա Հակոբյանին, վանկարկել էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք»։

Քաղաքացի Տիգրան Դերմոյանի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը պատմում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ոստիկանությանը ներկայացված երկու հաղորդման հիման վրա։ Առաջին հաղորդումը դեպքից 3 ժամ անց ներկայացրել է մի քաղաքացի՝ բողոքելով, որ «ոստիկանների վատ ծառայության պատճառով վարչապետի դուստրը ենթարկվել է սթրեսի»։ Քաղաքացին նաև նշել է, որ այդ անձինք գործել են կազմակերպված, ամենուր ունեցել են իրենց մարդիկ ու խնդրել նրանց ենթարկել պատժի։

Մյուս հաղորդումը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնի ղեկավարը։ Ոստիկանության տարածքային բաժնի պետը իր հաղորդման մեջ ներկայացրել է ընդհանուր տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք Ծիծեռնակաբերդում ատելության խոսք են տարածել։

Նույն օրը արդեն երեկոյան ԱԺԲ-ի իրականացրած հավաքի ժամանակ շուրջ 100 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, որոնց թվում 7 անձ՝ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի հետքերով։ Նրանց 7-ին երկու օր պահել են ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում՝ «փախուստը կանխելու հիմքով»։ Եվ միայն երկու օր անց որոշում են 7 քաղաքացուց 6-ին ազատ արձակել, իսկ մեկին՝ Տիգրան Դերմոյանին առաջադրվում է մեղադրանք ծանր հոդվածով։

Արայիկ Պապիկյանն ասում է՝ այդ դեպքից հետո ՁՊՎ-ում երկու օր անցկացրած 7 քաղաքացիներից երկուսը ընդհանրապես չեն եղել դեպքի վայրում, մի քաղաքացի էլ ԱԺԲ-ի հետ որևէ առնչություն չունի։ «Այդ մարդը Արարատի մարզից գալիս է Թումանյան փողոցում գտնվող քրոջ տուն, հայտնվում է իրադարձությունների կիզակետում, ենթարկվում բերման ու երկու օր մնում ՁՊՎ-ում», -Forrights.am-ին ասում է Արայիկ Պապիկյանը։

Մեղադրյալ 68-ամյա Տիգրան Դերմոյանը թոշակառու է, առողջական, մասնավորապես՝ տեսողական խնդիրներ ունի, ՁՊՎ-ում անցկացրած երկու օրերի ընթացքում, ըստ փաստաբանի, նրան զրկել են դեղերից, նաև աչքի կաթիլներից։ Փորձել են կալանավորել և դրա համար կազմակերպված առերեսման ընթացքում միայն երկու ոստիկան են հաստատել, որ քաղաքացուն տեսել են դեպքի վայրում։

«Իմ պաշտպանյալը օգտվել է լռելու իրավունքից, չի խոսել, բայց ես որպես պաշտպան, կատարել եմ հայտարարություններ։ Ոստիկանության ծառայողների ցուցմունքներով փորձել են կալանավորման հիմքեր ստեղծել, բայց վերջին պահին որոշվեց բաց թողնել ստորագրությամբ։ Հատկանշական է, որ դեպքի վայրում բազմաթիվ տեսախցիկներ են եղել, և քննչականի համար դժվար չէր ուսումնասիրել այդ տեսանյութերը՝ պարզելու մարդը դեպքի վայրում եղե՞լ է, թե ոչ։ Բայց նրանք որոշել են շարժվել հին ավանդական մեթոդներով՝ բերել են ոստիկանների, որ ցուցմունք տան ու կալանավորման հիմքեր ստեղծեն», -նկատում է փաստաբանը։

Պապիկյանը պնդում է՝ պատվերով հարուցված քրեական գործ է և ավելին, Աննա Հակոբյանն ինքն է իր վարքագծով սադրել իր նկատմամբ վերաբերմունքը․

«ԱԺԲ-ն դեպի Ծիծեռնակաբերդ երթի մասին հայտարարել է նախապես՝ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ։ ԱԺԲ-ին ուժայինները դիտարկում են որպես ահաբեկիչներ և գիտեին, որ հանրային միջոցառման վայրում լինելու է այդ ժամերին։ Դեռ երթի սկզբին հնչել են լոզունգներ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Նիկոլ դավաճան» և այլն։ Այս բոլոր վանկարկումները հնչել են և երթի ժամանակ, և Ծիծեռնակաբերդում։ Դա հանրային միջոցառում էր, բայց ԱԺԲ-ն չէր պատկերացնում, որ Աննա Հակոբյանը պետք է լիներ այդ վայրում ու հենց այդ պատճառով հնչեցներ նման վանկարկումներ։ Հակոբյան Աննան եկել է ու իր ներկայությամբ սադրել, որ հնչի՝ «Նիկոլ դավաճան», ինքն է սադրել։ Ընդ որում, պետական պահպանության ծառայությունը դիտարկում է հսկող օբյեկտ ու տեսնելով այդ իրավիճակը, չեն տարհանում։ Չեն տարհանում, որովհետև Աննա Հակոբյանը չի ենթարկվում թիկնազորի հրահանգին, կանգնում ու սադրում է։ Հատուկ պահպանվող օբյեկտը պետք է անհապաղ տարհանվեր, և հավանաբար տեսախցիկների առջև թիկնազորը չի փորձում նման բան ձեռնարկել, իսկ Աննան էլ ասում է՝ ես մնում եմ։ «Արցախը Հայաստան է», «Ինքնիշխան Հայաստան» վանկարկումները նրա ներկայությամբ դառնում են «Նիկոլ դավաճան» և այլն։ Այդ պահին Աննա Հակոբյանը սադրիչ էր ու կարծես հաճույք էր ստանում կատարվողից։ Ընդ որում, չէր հաշվի առնում, որ փոքր դստեր հետ է։ Բացի այդ իմ պաշտպանյալը չէր գնացել այնտեղ, որ հանդիպի Նիկոլի փոքր դստերը՝ ասելու, որ նրա հայրը դավաճան է»։

Հասմիկ Համբարձումյան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest