44-օրյա պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրն այցելել էր Կիրանց։ Նա աջակցություն է հայտնում բնակիչների սկսած պայքարին, այն համարում է իր որդու պայքարի շարունակությունը։ Պատերազմում զոհված տղաների մայրերին ողջունում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր նահատակ հերոսների մայրիկներն են այստեղ, որոնց մենք անվանում ենք Հայրենիքի մայրեր և Հայրենիքի հայրեր, մեր ծնողներին ընդհանրապես։ Ուզում եմ,, որ բոլորս այդպես կոչենք, երբ տեսնենք իրենց մեր մարմնով պետք է սարսուռ անցնի, մենք պետք է իմանանք, թե ում առջև ենք կանգնած, ովքեր իրենց կյանքի գնով վճարել են մեզ համար։ Վճարել են, որ ոչ թե մենք ծնկած, սողալով ապրենք, այլ վճարել են, որ մեր հայացքները պարզ լինի, պատիվները բարձր լինի, հայրենքիքը լինի հաղթանակած։ Մենք մեր տղաներին դեռ ասելիք ունենք, մեր հայացքները միշտ փախցնում ենք, թե նրանց շիրիներին, թե երկնքին նայելիս։ Մենք մեր տղաներին հայրենիք ու երազ ունենք վերադարձնելու»,-հայտարարեց Սրբազանը։
Արմանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը, Forrights.am-ի հետ զրույցում նշում է, որ որդու պայքարն անավարտ թողնել չի կարող, արյունով պահած հողը թշնամուն հանձնելուն դեմ է։
«Արմանս 23 տարեկան է դարձել 2020 թվականի 10-ին և սեպտեմբերի 30-ին՝ մեզանից թաքուն, գնաց պատերազմ։ Մենք ոչ թե դեմ էինք, այլ ասում էինք, երբ կկանչեն, կգնաս, բայց իրեն չէին կանչել, ինքը մեքենան թողեց գազալցակայանում և գնաց»,-ասաց մայրը։
Արմանը պատերազմական գործողություններին մասնակցել է Ջրականում, հետո տեղափոխվել այս մարտական դիրքեր։
«Մի քանի հոգով դաժան տեղ էին ընկել։ Ջեբրայիլում էին, իրենցից մի քանի հոգով ողջ մնացին, բայց ինքը տուն չեկավ, այնտեղից գնաց Կուբաթլու, այնտեղ վիրավորվեց, տարան հոսպիտալ։ Ամսի 7-ին մի քանի ժամով եկավ տուն։ Նոյեմբերի 1-ին ինձ հրաժեշտի նամակ էր գրել․ «մամ, ինձ հետ ինչ էլ լինի, հիշիր, գլուխդ բարձ ես քայլելու։ Պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»։ Պատասխանեցի՝ դու պարտավոր ես ողջ մնալ, թե չէ քեզ չեմ ների»,-ասաց մայրը։
Արմանի մայրական կողմով Արցախից է։ Տիկին Ելիզավետան նշում է՝ նա պայքարը կիաստ չէր կարող թողնել։
«Հոկտեմբերի 17-ին եկավ, 18-ին հետ գնաց, եկել էր որդուն տեսնելու։ Կինն ասաց՝ Արմ, ո՞ւր ես գնում, մնա, պատասխանեց՝ ես գնում եմ, որ իմ որդին չգնա։ Հոկտեմբերի 20-ին զանգում է իր հայրիկին ու ասում, որ վիրավոր է ու դաշտում մենակ է։ Հարցրեցի՝ որտեղդ է վիրավոր, պատասխանեց՝ վիզս, ուսս և կողերս։ Այնքան հանգիստ էր խոսում, ուզում էր մեզ հրաժեշտ տալ»։
Պատերազմից հետո մորն են փոխանցել որդու հեռախոսը, որտեղ Արմանը տեսաուղերձներ է թողել։
«Ես հիմա ապրում եմ այդ տեսաուղերձներով, որտեղ ասում է՝ լավ է լինելու, հաստատ լավ է լինելու։ Հիմա ես ապրում եմ դրանով և հավատում եմ, որ Աստված մեզ չի լքի։ Իմ տղան ուժեղ էր, կամքի ուժ ուներ։ Պատերազմի դաշտում տեսնում է, որ թուրքը գալիս է ասում է՝ մի շարասյուն մարդ է գալիս, սկիզբը կա, վերջը չկա։ Նկարում էր ու սպասում էին, որ մոտենան, չեզոքացնեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։