«Երեկ կանանցից մեկի հետ եմ խոսում, ասում է՝ չնկատեցինք ծառերը, երբ ծաղկեցին»,-կրանցեցի Գոհար Վարդանյանը հազիվ է ուժ գտնում բառերն արտաբերելու համար, հուզմունքը թույլ չի տալիս, խոսքերն ամեն վայրկյան կարող են փոխարինվել արցունքների։ Իր մեջ ուժ է գտնում ու շարունակում․
«Կյանքը կանգնած է Կիրանցում, մարդիկ աշխատանքի չեն գնում, երեխաները՝ դպրոց։ Կիրանցում հիմա ոչ մեկ չի զբաղվում գյուղատնտեսությամբ, հինգ ընտանիք կառավարության տրամադրած 16 մլն դրամի ծրագրով տուն էր կառուցում, բոլորը շինարարությունը դադարեցրել են։ Նոր կառուցվող տներից մեկն էլ լինելու է սահմանից 50 մետր հեռավորության վրա։ Մեզ երաշխիքներ չեն տալիս, այդ տունը ինչպե՞ս կառուցի»,-մտագությունների մասին բարձրաձայնում է Գոհարը։
«Խաղաղությունը լավ բան է»,- շատ լավ է հասկանում 27-ամյա Գոհարը, բայց հանձնվող տարածքների դիմաց էլ այն չեն խոստանում իրեն։
«Այս պահին, այսպիսի սահմաններով, այն հոգեվիճակում, որ գտնվում են մարդիկ, խոսել խաղաղության մասին, չգիտեմ․․․։ Այստեղ ապրող մարդկանց իրավունքերը, սեփականությունը քիչ կարևո՞ր են, քա՞ն Ադրբեջանի Խեյրմլու գյուղի բնակչի իրավունքերը»,-հարց է տալիս Գոհարը, որի պատասխանը չի ստացել երկու օր առաջ կառավարության շենքում հանդիպած Փաշինյանից։
Գոհարին հանդիպում եմ Կիրանց գյուղի սկզբնամասում գտնվող խանութի տարածքում։ Հերթապահ է՝ համագյուղացիների հետ։ Այդտեղ կա մի ճանապարհ, որը տանում է դիրքեր, հսկում են, որ հարևան Ոսկեպարի հարակից դիրքերի նման իրենց գյուղը պաշտպանող տարածքներն էլ չականազերծվեն։ Հույս ունեն Նիկոլ Փաշինյանը կմտափոխվի, եթե՝ ոչ, իրենք կպայքարեն։ Տարածքում բնակիչներից զատ լրագրողներն են, որոնց էլ բնակիչները հարցազրույցներ տալու սիրտ չունեն, Ռազմական ոստիկանության ծառայողներ, որոնց հետ գյուղացիները երբեմն մարդկային զրույցներ են ունենում և քաղաքացիական համազգեստով ԱԱԾ ծառայողներ, նրանք լուռ հետևում են իրադարձություններին, փորձում գաղտնի նկարահանել նոր եկող դեմքերին։
Կիրանցի բնակիչները խաղաղություն են ուզում, պայքարն անվտանգության համար է։ Գոհարը սրտնեղած է, մեկնաբանություններ է կարդում, թե պատերազմ են սադրում։
«Կիրանցեցիներին, ինձ, իմ համագյուղացիներին մեղադրում են պատերազմ ուզելու մեջ, Փաշինյանի հետ հանդիպելու համար, դաշնակցական պատգամավորների հետ խոսելու համար։ Մեղադրում են մարդկանց, որոնք չգիտեն, թե վաղն իրենց ինչ է սպասվում, չգիտեն՝ վաղն այստեղ կապրե՞ն, անվտանգ կլինե՞ն։ Գլխավոր մեղավորներին թողած, մեղադրում են հասարակ գյուղացիներին»,-ասում է Գոհարը, որ ծնվել ու ապրում է Կիրանց գյուղում։
«Փաշինյանին հարցրեցի՝ չի՞ կարող ի վնաս Ադրբեջանի տեղի ունենալ։ Ինքը ներկայացրեց այն ինչ կա, ինչը բոլորս գիտենք, ասաց՝ դա միայն կիրանցեցիների խնդիրը չէ»,-հույսը կտրած Երևանից Կիրանց վերադարձած Գոհարը ցույց է տալիս համագյուղացիների տները, որոնք, ըստ կառավարության հրապարակած քարտեզի, ադրբեջանական գյուղի տարածքում են։
«Երկու տուն կա, որ անցնելու են Ադրբեջանին, կան նաև այլ շինություններ, չեմ ուզում ապատեղեկատվություն տարածել, բայց դա կախված է նրանից, թե ինչպես կտեղադրվեն սյուները։
Դպրոցն ու գերեզմանատունը, հրապարակված քարտեզով, չեն անցնում Ադրբեջանին, բայց դպրոցից լավագույն դեպքում 100 մետր հեռավորության վրա են կանգնելու, վատագուն դեպքում՝ 50 մետր։ Նորակառույց դպրոց է, երեխաները սեպտեմբերից այդտեղ են դպրոց գնալու, Փաշինյանին հարցնում ենք՝ եթե սահմանազատում էր լինելու ինչո՞ւ է այստեղ կառուցվում»,-ասում է Գոհարն ու անհաղորդ շարժում ուսները՝ որպես Փաշինյանի արձագանքի ներկայացում։
Գոհարը ցույց է տալիս համագյուղացիների տները, որոնք ՀՀ կառավարության հրապարակած վերջին քարտեզներով անցնելու են Ադրբեջանին, նշում է՝ բնակիչները սեփականության վկայականներ ունեն, որը տրամադրել է Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը երեկ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այս խնդրի վերաբերյալ նշել էր, թե դրանք առանձին քննարկման թեմաներ են։
Կիրանցում պայքարը շարունակվում է, բնակիչները պայքարում են անվտանգ ապրելու համար։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: