Հայաստանի ընդդիմության հռչակած քաղբանտարկյալների թիվը ավելանում է․ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարում է՝ օրերս Կիրանց գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակից Վահագն Մախսուդյանը, որը խուլիգանության մեղադրանքով երկամսյա կալանքի տակ է, քաղբանտարկյալ է։

«Որևէ կասկած չկա, որ Վահագն Մախսուդյանը քաղբանտարկյալ է», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Հովհաննես Խուդոյանը։

Վահագն Մախսուդյանը պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին է։ Մախսուդյան ավագը վերջին շրջանում միացել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակչության պայքարին ընդդեմ կառավարության նախաձեռնած հայ-ադրբեջանական սահմանազատման։ Նա նաև Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գաղտնի հանդիպման մասնակիցներից մեկն էր։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել էին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և հենց ապրիլի 19-ից Կիրանցում բողոքի ակցիաներ են։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև այս մայիսի 15-ը:

Բողոքի ակցիաներն ընթանում էին ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրման դեպքերով, նրանց բերման ենթարկելով։ Այդպես եղավ նաև ապրիլի 23–ի երեկոյան, երբ Այրում–Բագրատաշեն ճանապարհին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ առանձնակի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Միհրան Մախսուդյանին։ Բերման ենթարկելու ճանապարհին նրա ինքնազգացողությունը վատացել է, հասցրել են ոստիկանական բաժանմունք, այնտեղ ավելի է վատացել, տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն՝ գլխուղեղի ցնցում և սալջարդ ախտորոշմամբ։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասում է՝ երկար ժամանակ է՝ Միհրան Մախսուդյանը իրավապահների թիրախում է՝ պարբերաբար այս կամ այն քրեական գործերով կանչվում է հարցաքննության, ժամանակ ծախսում դրանց վրա ու բաց թողնվում։ Մախսուդյանը իրավապահների թիրախում հայտնվել է նաև Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործի շրջանակներում։

Ապրիլի 23-ին ոստիկանության և Կիրանցում բնակչության միջև տեղի ունեցած բախման հետևանքով բերման էր ենթարկվել ոչ միայն Միհրան Մախսուդյանը, այլ նաև նրա որդին՝ Վահագն Մախսուդյանը։

«Կոնկրետ որդու մասով գործը հասկանալու համար, պետք է մի քիչ հետ գնանք։ Մախսուդյանը քաղաքական հարց չի բարձրացնում, ընդամենը հողերի հարցն է բարձրացնում, ակտիվություն ցուցաբերում և դրանից հետո սկսեցին մի քանի գործերով նրան կանչել հարցաքննությունների, այնպիսի գործերով, որոնց մասով որևէ շարժ չի եղել։ Ապրիլի 23-ին նրան բերման են ենթարկել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, ծեծել, որի հետևանքով նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Մտավախություն կար, որ սադրանքներով իրեն փորձելու են մեկուսացնել։ Բայց այդ սադրանքներին առաջինը որդին տրվեց։ Միջադեպը երևի նկատել եք՝ ԵԿՄ-ի մեքենան գալիս է, մխրճվում մարդկանց բազմության մեջ, այդ ընթացքում մեքենան ճզմում է Վահագն Մախսուդյանի ոտքը, մեքենայի վարորդի կողքին նստած անձը սեռական բնույթի հայհոյանք է տալիս, ինչին ի պատասխան Վահագնը մեկ անգամ ձեռքով հարվածում է մեքենայի դիմապակուն», -դեպքի մանրամասները ներկայացնում է փաստաբանը։

Քննչական կոմիետն դեպքի մասին տեղեկացրել էր, որ «մի խումբ անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Նրանք մոտ 10 րոպե շարունակ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, խմբի կազմում կատարել են առերևույթ խուլիգանական արարքներ, որոնք դադարել են Ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում»։ Վահագն Մախսուդյանին և ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար։ Նա երկամսյա կալանքի տակ է այժմ։

«Եթե այս արարքը դիտարկեինք որևէ հանցագործության տեսանկյունից, կարող էինք որակել այն ինքնիրավչություն, գույքի վնասում, բայց դա որևէ պարագայում չէր կարող դիտվել խուլիգանություն։ Այդ հոդվածը դրվել է, որպեսզի հնարավոր լինի կալանքի հարց քննարկել։ Իսկ կալանքի հարցն էլ քննվեց ոչ թե Աջափնյակի դատարանում, որտեղ սովորաբար քննվում են այդ հարցերը, այլ Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, իսկ վերջինն էլ հայտնի է իշխանահաճո որոշումներով։ Նա նորմալ դատավարական պրոցես չապահովեց նույնիսկ, փոխարենը սահմանափակեց պաշտպանական բազմաթիվ իրավունքներ ու շատ կարճ ժամանակ անց որոշեց կալանավորել։ Ընդ որում, չքննարկվեց նաև տնային կալանք կիրառելու հարցը», -պատմում է փաստաբանը։

Կալանքի որոշումից հետո Վահագն Մախսուդյանը հայտարարել էր, որ իր դեմ կիրառվում են նման միջոցներ հորը ճնշելու համար։ «Ակնհայտ է, որ իմ որդու կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, իմ տղային ձերբակալելով փորձում են ճնշել ինձ, ստիպել՝ իմ սկզբունքներից հետ կանգնելու։ Ես իմ սկզբունքներից հետ չեմ կանգնելու, ես հող չունեմ հանձնելու թուրքին։ Թող ինձ չվախացնեն, հայ ժողովրդին եմ ասում՝ ես չեմ ընկճվելու, ոչ մեկ չի կարող ինձ հետ կանգնեցնել, ես իմ հողն եմ պաշտպանում, իմ պայքարն արդար է։ Այս պայքարի վերջը կլինի, երբ այլևս հող չեն հանձնի։ Եթե ուզում եք հող հանձնել՝ բոլորս պետք է լռենք, եթե չենք ուզում՝ բոլորս միաձայն պետք է պաշտպանենք մեր հողը։ Ես չեմ լռելու, ոչինչ տղա է, 2 ամիս կալանք են տվել՝ իմ տղան այդ տղա չի, որ ընկճվի»,-իր հերթին հայտարարել էր ավագ Մախսուդյանը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասում է՝ թեպետ Վահագն Մախսուդյանը քաղաքական գործունեություն չի ծավալալ, սակայն դասական կանունները հուշում են՝ նրա դեմ իրականացվողը քաղաքական հետապնդման տեսակ է․

«Տղան անմիջապես շատ ակտիվ չի եղել, ինքը քաղաքական պրոցեսներով չի հետաքրքրվում, չի զբաղվում, բայց քաղբանտարկյալ հասկացության մեջ տեղավորվում է, ինքը նույնպես ԵԽԽՎ 1900 բանաձևի դրույթներին համապատասխան համարվում է քաղբանտարկյալ»։

Վահագն Մախսուդյանի պաշտպանական խումբը նրան կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու մասին այսօր դիմում է ներկայացնելու Վերաքննիչ դատարան։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest