Հայաստանում սահմանազատման խնդրի շուրջ լարվածության և քաղաքական զարգացումների ֆոնին աճում են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։ Ամենաթարմ դեպքն արձանագրվեց ապրիլի 30-ին, երբ կարմիր և սև բերետավորները օրենքի ակնհայտ խախտմամբ Երևանի կենտրոնում խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ ԱԺԲ-ի երթի ժամանակ։ Ուղիղ եթերում հեռարձակվեցին կադրեր, թե ինչպես են բերետավորները ուժ գործադրելով, քաշքշելով ստիպում լրագրողներին լքել իրադարձության վայրը։

Ապրիլի 30-ին մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել Ազգային ժողովի բակում՝ իշխող ՔՊ կուսակցության պաշտոնաթերթ  Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի միջև։

Ըստ լրագրողի՝ Քոչարյանի օգնականն իրեն հարվածել և հայհոյել է իր մասնագիտական գործունեության շրջանակում հրապարակված մի տեսանյութի պատճառով, որն առնչվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Երկու օր առաջ ՔՊ-ին պատկանող Civic.am-ի յութուբյան ալիքում հրապարակվել էր մի տեսանյութ, որում լրագրողը պնդում էր, թե Տավուշի թեմի առաջնորդը «ԿԳԲ-ի գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստանում Կրեմլից, որպեսզի պատերազմ հրահրի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»։ Այդ պնդումները հիմնավորող փաստեր տեսանյութում ներկայացված չեն։

Լրագրողը միջադեպի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը), իսկ լրագրողը ճանաչվել է տուժող։ Ավելին, այսօր փաստաբանները հայտարարել են Սուքոյանի ձերբակալվելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Գլխավոր դատախազությունից էլ Forrights.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ ուսումնասիրում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առնչվող տեսանյութը։ Դրա վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ՝ չնայած «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում Դատախազությանն ուղղված գրառում էր կատարվել։ Նույն աղբյուրը հայտնում է, որ փաստաբանները դատական հայց են ներկայացրել՝ Դավիթ Լևոնյանի հայտարարություները համարելով զրպարտանք։

Լևոն Քոչարյանից կամ Արթուր Սուքոյանից լրագրողին ուղղված մեղադրանքերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։ Լևոն Քոչարյանն ԱԺ-ում չէր։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լրագրողի ահազանգից ժամեր անց էլ հրաժարվում էին մեկնաբանություններ տալ։

Իշխանականները կոշտ քննադատություն էին հնչեցնում տեղի ունեցածի վերաբերյալ։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որն ԱԺ հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ ականջ և լեզու կտրելու վերաբերյալ սպառնալիքներ էր հնչեցնում, այսօր հիշեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների բռնության հայտնի դեպքերից մեկը։

Վերջին օրերին սա լրագրողների նկատմամբ բռնության միակ դեպքը չէ․ հայաստանյան լրագրողական կազմակերպություններն ահազանգել էին, որ ապրիլի 27-ին Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցների տեղափոխող ավտոմեքենան, դուրս հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել և փորձել բերման ենթարկել: Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել են անարձագանք:

Նույն օրը Երևան-Թբիլիսի ճանապարհի Լոռու մարզի Դսեղ գյուղի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիան ցրելիս ոստիկանները խոչընդոտել են այդ գործողությունները լուսաբանող Oragir.News կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը․ հրելով գցել են լրագրող Անի Ներկարարյանին, որը վնասվածք է ստացել, իսկ օպերատոր Զավեն Օհանյանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումը։

Ապրիլի 16-ին էլ Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։ Մասնավորապես, բանավիճելիս լրագրողը, ի թիվս այլնի, ասել է, թե քաղաքացիների շրջանում համոզմունք կա, որ «Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել…»։ Պատգամավորը հակադարձել է վիրավորանքով․ «Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա․․․»։ Այնուհետև  Խաչատուր Սուքիասյանը կոպտորեն հորդորել է լրագրողին գնալ և իր լրատվամիջոցի ղեկավարին հարցնել.

«Պարոն ղեկավար, որ քեզ ԿԳԲ-ից փող էին տալիս տարիներ շարունակ, ինչի՞ համար էին տալիս․ որ սուտ գրեիք, մարդկանց վրա կեղծիքներ անեիք, որ խառնեիք էս երկիրը․․․»։

Այնուհետև պատգամավորը բացահայտել է, որ 1994 թվականին իրեն խնդրել են ֆինանսավորել «Առավոտ» թերթը, հետո ասել են, որ դադարեցնի, քանի որ ֆինանսավորելու է ԱԱԾ-ն՝ Կառլոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Պաշտոնյաների կողմից լրագրողներին ճնշելու դեպքերը բազմաթիվ են։ Ազգային ժողովի գործող  փոխնախագահ Հակոբ Արշակյանը նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում սրճարանում հարվածեց իրեն նկարահանող  լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը։  Պատերազմի օրերին «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն։ Լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները գետնին գցելով դուրս բերեցին ԱԺ շենքից, Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին։ Այս բոլոր դեպքերը իրավական գնահատականի չեն արժանացել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Հիշեցնենք՝ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը վերջին զեկույցում ժողովրդավարության հետընթաց էր արձանագրել ՀՀ-ում։ Երբ այս մասին ԱԺ-ում հարց էին ուղղել Արթուր Հովհաննիսյանին, իշխանական պատգամավորն արձագանքել էր, թե Freedom House-ը չի որոշում ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Pin It on Pinterest