2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից։ Այս տվյալը հանրայնացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա սակայն, չի շտապում վկայակոչել հարցումն իրականացրած կազմակերպության անունը և ընդամենը շեշտում է՝ շատ հեղինակավոր միջազգային կազմակերպության պատվերով է իրականացվել այս հարցումը։

«Հարցման տվյալները կոմունիկացվել են կոնկրետ դերակատարների հետ, և կարող եմ ասել, որ բավականին պրոֆեսիոնալ ու ներկայացուցչական հարցում է իրականացվել», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Գեղամ Ստեփանյանը։

Նա հստակեցնում է՝ քիչ, թե շատ նորմալ սոցիալ-կենցաղային պայմաններ ունենալու դեպքում արցախցին մտադիր չէ արտագաղթել Հայաստանից, հետևաբար խոսակցությունները, որ արցախցիները ՀՀ քաղաքացիություն չեն ընդունում, քանի որ պատրաստվում են արտագաղթել Հայաստանից, դատարկ խոսակցություններ են ու հիմնավոր չեն։

«Չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր, այո, միգուցե մտածում են, որ փախստականի կարգավիճակը արտագաղթելու համար ավելի շատ հնարավորություններ է տալիս, բայց համատարած բոլորի վրա տարածելը ճիշտ չէ», -նշում է արցախցի պաշտոնյան։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացրել է, որ շուրջ 1500 արցախցի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել՝ դիմում ներկայացնելով, բայց մինչ այժմ նրանցից 1000-ն են ստացել ՀՀ քաղաքացիություն։

Գեղամ Ստեփանյանը ներկայացված տվյալը բավականին ցածր է համարում։ Պատճառը ըստ նրա, հաղորդակցման պակասն է, մարդիկ ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանների ու հետևանքների մասին բացատրությունների կարիք ունեն։ «Մարդկանց մի շարք մտահոգություններ պետք է փարատվեն, նրանց պետք է հստակ բացատրվի, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը չի հանգեցնելու սոցիալական աջակցության ծրագրերից զրկվելուն, չի հանգեցնելու վերադարձի իրավունքի հետ կապված որևէ խնդրի, բայց հակառակը՝ քաղաքացիություն ստանալը բազմաթիվ իրավունքներ է իր հետ բերելու՝ կարող են ընտրել ու ընտրվել, կունենան տնտեսական, ֆինանսական իրավունքներ, օրինակ՝ երբ արցախցին դիմում է էստեղ փոքր վարկ ստանալու, չեն տալիս, բայց ոչ թե չեն տալիս, քանի որ չի կարողանում հիմնավորել իր եկամտի աղբյուրները, այլ չեն տալիս, որովհետև փախստական է»,-ասում է Գեղամ Ստեփանյանը։

Բացի հաղորդակցման խնդիրները, ՀՀ քաղաքացիություն ստանալը շատերը հետաձգում են ժամկետների ձգձգման պատճառով։ Ստեփանյանն ասում է՝ քաղաքացիություն ստանալու համար մարդիկ ստիպված են ամիսներով սպասել․ «Ցանկալի կլիներ, որ օրենսդարական հնարավորություն ստեղծվեր, որ 070 կոդով բոլոր անձնագիր կրողներին միանգամից մի ակտով քաղաքացիություն տրվեր։ Դա միանշանակ ամենաճիշտ որոշումը կլիներ, այսինքն՝ ֆիքսեցինք մարդկանց փախստականի կարգավիճակը ու բյուրոկրատիայից ազատելու համար, այդ մարդկանց ճանաչում ենք ՀՀ քաղաքացի։ Այդ պարագայում մարդը կդիմեր ու մի քանի օրերի ընթացքում կստանար ՀՀ քաղաքացիության անձնագիր համապատասխան կոդով։ Բայց էդպես չի արվում։ Մարդ գիտեմ, որ երեք ամսից ավելի սպասել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։

Այս պահին 80 հազարից ավելի արցախցի դիմել է ու փախստականի կարգավիճակ ստացել, մյուսները սպասում են իրենց հերթին, անձնագրային ծառայությունները աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով։

Ինքը՝ Գեղամ Ստեփանյանը, կարգավիճակի հետ կապված որոշ հարցեր լուծելուց հետո պատրաստվում է դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն։ «Կարծում եմ՝ անձնական օրինակներով նույնպես պետք է նպաստենք, որ մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմեն։ Բոլորին, ովքեր դիմում են ինձ, ես իրենց հորդորում եմ գնալ ու ստանալ ՀՀ քաղաքացիություն», -նշում է Գեղամ Ստեփանյանը։

Նույն հարցման համաձայն, հարցված արցախցիների միայն 35 տոկոսը հակված է արտագաղթել, իսկ նման մտադրություն ունեցողների շուրջ 30 տոկոսը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը։ «Սա պայմանավորված է մի շարք գործոններով, մարդիկ Ռուսաստանի տարբեր հատվածներում հարազատներ, բարեկամներ ու հարևաններ ունեն, ինչը հեշտացնում է այնտեղ տեղավորվելու հնարավորությունը, մյուս հանգամանքը լեզվի իմացությունն է և բացի այդ, այնտեղ մարդիկ կարողանում են ավելի էժան կյանքը կազմակերպել», -հնարավոր պատճառներն է թվարկում Արցախի ՄԻՊ-ը։

Եվրոպական երկրներ, ԱՄՆ մեկնելը մարդկանց համար, ըստ Ստեփանյանի, դժվար է ու ծախսատար։ Բացի այդ, մարդիկ հաճախ ստիպված են դիմել անօրինական քայլերի՝ այդ երկրներ հասնելու համար։

Նրա խոսքով, շուրջ 11 հազար արցախցի հեռացել է Հայաստանից կամ գնացել, դեռ չի վերադարձել։ Ավելին, նրա կանխատեսմամբ, այս ամառ արտագաղթի նոր ալիք է սկսվելու․ «Ուսումնական տարին շուտով կավարտվի, մարդիկ հեռանալու են ՀՀ-ից։ Կան ընտանիքներ, որ հայրը գնացել է, ընտանիքը մնացել է այստեղ, որովհետև երեխաները դպրոց են գնում, և երբ դասերն ավարտվեն, գալու է իր ընտանիքին տանելու։ Էսպիսի բազմաթիվ դեպքեր ես գիտեմ, բացի այդ, իմ հարազատների շրջանում էլ կան նման դեպքեր»։

Հարցման հեղինակները նաև փորձել են հասկանալ՝ ունե՞ն արցախցիները Արցախ վերդառանալու հույս կամ տեսնո՞ւմ են նման հնարավորություն։ Ըստ հարցման արդյունքների, հարցված արցախցիների 80 տոկոսը իրատեսական չի համարում այս պահին Արցախ վերադարձը։ Միաժամանակ, ըստ Ստեփանյանի, Հայաստանում ապրող արցախցիներին հարցրել են՝ ի՞նչն է հուսադրող նրանց համար ապագայի հետ կապված։ Մեծ մասն այս հարցին ի պատասխան նշել է երկու հիմնական գործոն՝ ունենալ սեփական բնակարան և Արցախ վերադառնալու հույսը։ «Այսինքն՝ մեծ մասը իրատեսական չի համարում այս պահին Արցախ վերադառնալը, բայց շարունակում է հույս ունենալ, որ դա ինչ-որ պահի տեղի կունենա», -հստակեցնում է Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է արցախցիներին բնակարաններով ապահովելու մասին կառավարության ծրագրին, Ստեփանյանն ասում է՝ այդ ծրագիրը թերի է և չի թոթափելու արցախցիների հոգսը։ Այդ ամենը նկատի ունենալով, արցախյան կազմակերպությունները ներկայացրել են առաջարկներ, սակայն կառավարությունում անտեսել են դրանք։ «Երբ հակադարձում ես, ներկայացնում հիմնավոր փաստարկներ, չի օգնում, իրենք մնում են իրենց դիրքորոշման վրա։ Երկխոսություն չի ստացվում, և տպավորությունն այնպիսին է, որ հանդիպում է լինում հանդիպման համար, քննարկում՝ քննարկման համար։ Եթե նույն ծրագիրը պահպանվի, վստահ եմ, որ շատերը չեն ուզելու օգտվել այդ ծրագրից և դա ևս մեկ հիմք կլինի արտագաղթելու համար», -նշում է Գեղամ Ստեփանյանը։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest