Դատական քննությամբ ավարտված գործերով 2023 թվականին պետությանը վերադարձվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում գտնվող գումարը կազմում է 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:
Դատելով տվյալներից, խոսքը 173 մլն․ դրամի մասին է, որը վերադարձվել է պետությանը։ Թիվը, մեղմ ասած, հսկայական չէ եւ ամենեւին չի համապատասխանում «թալանի» մասին աղմուկին, որը քաղաքական հենարան էր դարձել 2018-ի հեղափոխության համար։
2018-ին Հայաստանում իշխանության եկած ուժը իր քաղաքական ծրագրերի եւ գաղափարախոսության բացակայությունը լրացրեց ժողովրդի ականջին հաճո հետեւյալ թեզով․ ձեզ կերել-թալանել են, մենք կգանք, ամբողջը կվերադարձնենք ժողովրդին։ Հասարակությունը բաժանվեց «նախկին-ներկաների», այսինքն՝ «թալանչի – թալանածը վերադարձողների»։ Եւ թեկուզ ժողովուրդը «թալանից» այդպես էլ բան չտեսավ, 6 տարի այդ հարցը թույլ էր տալիս իշխող ուժին պահպանել հասարակական անհանդուրժողականությունը իր ընդդիմախոսների նկատմամբ եւ բացի «թալանը վերադարձնելուց» քաղաքական այլ գաղափարախոսություն չներկայացնել։
Ավելին՝ այս 6 տարվա ընթացքում իշխող ուժը մի քանի անգամ փոխել է իր գաղափարական նպատակը, նույնիսկ հարկ չհամարելով փոխել կառավարության ծրագիրը։ Օրինակ, արտաքին քաղաքականության մեջ Քաղաքացիական պայմանագիը եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ անցել են երկար ճանապարհ․ «Արցախը Հայաստան է եւ վերջ, Հայաստանը երաշխավորում է Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ այլ իրավունքներ, Հայաստանը չի կարող իր անկախության հաշվին ապահովել Արցախի անվտանգությունը, Արցախը Ադրբեջան է եւ վերջ, Հայաստանը սահմաններ չունի, եւ եթե գյուղերը չտանք, պատերազմ կլինի, Հայաստանը խաչմերուկ է»։ Նման կտրուկ մետամորֆոզը մեկ կառավարության օրոք հնարավոր էր միայն «թալանը վերադարձնելու» թզենու տերեւի քողի տակ։
Կոռուպցիայի դեմ պայքարը՝ պետության հիմնաքարերից է եւ վստահելի պետական համակարգ կառուցելու գրավականը։ Սակայն երբ կոռուպցիայի դեմ պայքարը վերածվում է քարոզչական շղարշի կամ քաղաքական հակառակորդների դեմ պայքարի միջոցի, այն, հակառակը, խալխլում է պետության հիմքերը։ 2023 թվականի ընթացքում դատարաններում ավարտվել է 5080 քրեական գործ՝ 5485 անձի վերաբերյալ, ասել է դատախազը. «Համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանի պատասխանատու պահպանությանը»: Գլխավոր դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման պահանջով 71 հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որոնցից երեքը Աննա Վարդապետյանը ներկայացրեց խորհրդարանում։
Այսպես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձից պահանջվում է վերադարձնել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 մլն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 մլրդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 մլրդ դրամ։
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի շուրջ 200 միավոր անշարժ գույքի բռնագանձման պահանջ է դրվել, դրանցից 56-ը, ըստ դատախազի, Երևանի կենտրոնում են:
Ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանից պահանջվում է բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձից, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 միլիոն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 միլիարդ դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք 349 միլիոն դրամի չափով, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 միլիոն դրամ։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 39 իրավաբանական անձում բաժնեմաս ու բաժնետոմս, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ ավելի քան 16,8 միլիարդ դրամին համարժեք ու ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ։
Այս ցուցակից ինչքա՞ն գույք կվերադարձվի, դեռ հայտնի չէ․ մինչ օրս նշված անձանց ոչ մի գույքի անօրինականություն չի հաջողվել ապացուցել։ Բայց դա երկրորդ խնդիրն է, առաջինը՝ վառ պահել «թալանչիների կերպարը» հասարակական գիտակցության մեջ։