ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը երկու հաղորդում է արել, ըստ որոնց՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Միլլերի հաղորդման մեջ նշվում է, որ Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի «վերահաստատի ԱՄՆ աջակցությունը կայուն և արժանավայել խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացին»։
«Պետքարտուղար Բլինքենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանի սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Պետքարտուղար Բլինքենը նշել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականի աջակցման ԱՄՆ-ի շարունակական ջանքերը»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդման մեջ։
Ալիևի հետ զրույցի մասին հաղորդման մեջ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա այն հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որպես սահմանի սահմանազատման հիմք, և «ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։
«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով Միացյալ Նահանգների պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերությունների հանձնառությունը՝ նշելով էներգետիկ, կլիմայի և հաղորդակցության ընդհանուր նպատակների շուրջ համագործակցելու և Բաքվում COP29-ի հաջողությունն ապահովելու ջանքերը: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից Գուբադ Իբադօղլուին տնային կալանքի ենթարկելը որպես մարդասիրական ժեստ և նրա լիակատար և շուտափութ ազատ արձակման կոչ արել։ Պետքարտուղար Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն կալանվածներին», — ասվում է Միլլերի հաղորդման մեջ:
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր Էնթոնի Բլինքենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: