Առավոտից քաղաքացիները փակել էին հանրապետության ու մայրաքաղաքի մի շարք ճանապարհներ և փողոցներ: Ոստիկանական ուժերն արագ արձագանքում էին անհնազանդության ակցիաներին, բիրտ ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ` նրանց հեռացնում էին ճանապարհից և բերման ենթարկում, իսկ մեքենանները հեռացնում էին գրկելով կամ քարշակներով:
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում:
Չնայած ոստիկանության կողմից կիրառվող ուժին` անհնազանդության ակցիաները չեն դադարում: Պարբերաբար տեղեկություններ են ստացվում փակվող նոր ճանապարհների մասին:
Որոշ հատվածներում քաղաքացիների հետ ակցիաներին մասնակցում են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ` այդ թվում ԱԺ պատգամավորներ: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանն ու Ասպրամ Կրպեյանը Տավուշի մարզում են, որտեղ այս պահին փակ են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի երեք` Բագրատաշենի, Կիրանցի և Ալավերդու հատվածները:
Դեպի Բագրատաշեն անցակետ ճանապարհին ոստիկանները քաշքաշել են քաղաքացիներին, ինչի հետևանքով ուշաթափվել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց: Եվս մեկ քաղաքացու ինքնազգացողություն կտրուկ վատացել է:
ՀՅԴ անդամները փորձել են փակել Երևան-Մեղրի մայրուղին` Տիգրանաշենի հատվածում: Ոստիկանները թույլ չեն տվել և, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել մի քանի քաղաքացու, այդ թվում` ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին:
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, այսօր փակել են նաև Երևան-Վարդենիս ճանապարհի Մարտունու, Երևան-Բավրա ճանապարհի` Գյումրու, Հայաստան-Իրան մայրուղու ` Արարատի կամրջի հատվածները:
Այդ ընթացքում քաղաքացիները սկսել են փողոցներ փակել և անհնազանդության ակցիաներ իրականացնել նաև մայրաքաղաքում: Չարենցի փողոցում ոստիկանները նրանց թույլ չեն տվել փակել փողոցն ու, բռնի ուժ կիրառելով, հեռացրել են: Բերման են ենթարկվել քաղաքացիներ, այդ թվում, հասարակական գործիք էդգար Ղազարյանը: «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ բերման ենթարկվածների թվում կան նաև ակցիային միացած ԵՊՀ դասախոսներ:
Երկար ժամանակ փակ է պահվել նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, որտեղ նույնպես ոստիկանները փողոցը բացել են ուժով: Մի խումբ քաղաքացիներ էլ աղբարկղերով փակել են Երևանի Արամ Խաչատրյան փողոցը:
Փողոց են դուրս բերվել մեծաթիվ ոստիկաններ` այդ թվում, բարձրաստիճան, նաև սև և կարմիր բերետավորներ: Նրանք ուժ գործադրելով պարբերաբար բացում են ճանապարհներն ու փողոցները, սակայն քաղաքացիները կարճ ժամանակ անց փակում են նույն կամ այլ փողոցներ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: