«Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների այն օրակարգին, որն իրականացնում ենք»,-ոստիկանության օրը հայտարարում էր Ներքին գործերի նախարարություն այցելած Նիկոլ Փաշինյանը։

Այս օրերին Երևանի և հանրապետության այլ բնակավայրերի փողոցներում տեսնում ենք, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նկատմամբ։

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանության ծառայողը բերման էր ենթարկում մի տարեց քաղաքացու՝ ոլորելով նրա ձեռքերը։ Հարց է առաջանում՝ ինչպես է նա աջակցում համակարգի բարեփոխմանը։  Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԺԲ-ականները պնդում են՝ ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների են ենթարկվել։

«Երբ մենք հասանք խաչմերուկին, ուղղակի տեղի ունեցավ հարձակում և մարդկանց ծեծելով տեղափոխեցին ոստիկանություն: Ներքին զորքերի ավտոբուսները մոտեցրին, ուղղակի խցկում էին ավտոբուսները ու տանում ոստիկանություն», — հայտարարել է ԱԺԲ անդամ Գևորգ Սաֆարյանը:

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺԲ-ի  90 անդամի՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմնավորմամբ։

«Ոստիկանը մերն է»,- հեղափոխության օրերին վանկարկող Նիկոլ Փաշինյանը հրապարակավ չի անդրադառնում ոստիկանության ծառայողների կիրառած բիրտ մեթոդներին։ 10 օր առաջ ոստիկանության օրվա առթիվ Ներքին գործերի նախարարություն այցելած վարչապետը ծավալուն ենլույթ ունեցավ բարեփոխումների, ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին, բայց ոչ մի խոսք կիրառվող բռնությունների մասին։ Տավուշ-Ղազախ հատվածում տեղի ունեցող սահմանազատման դեմ պայքարող քաղաքացիների հետ ոստիկանները ևս բիրտ ուժ են կիրառում։

Երևանում և Հայաստանի ավտոճանապարհների տարբեր հատվածներում ապրիլի 25-ին շարունակվել են բողոքի ակցաները՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցախցիների ժամանակ արձանագրվել են բռնության նոր տեսարաններ։ Ոստիկանության գործողության արդյունքում դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունն է վատացել։

Ոստիկանության կիրառած բռնությունները հատել են Հայաստանի սահմանները և հայտնվել հեղինակավոր միջազգային կառույցների տարեկան զեկույցներում։

ԱՄՆ Պետքարտուղարությունը մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում ահազանգում է Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին։

Պետքարտուղարությունը ոստիկանության կողմից չարաշահումների վերաբերյալ հաղորդումների աճ է արձանագրում։  Զեկույցում տեղ են գտել նաև անչափահասի նկատմամբ բարձրաստիճան ոստիկանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու աղմկահարույց միջադեպը և ոստիկանական բաժանմունքներում ծեծի այլ դեպքեր:

Վաշինգտոնից զատ միջազգային հեղինակավոր երկու իրավապաշտպան կառույց՝ Amnesty International-ը և Freedom House-ը ևս ահազանգում են Հայաստանում ոստիկանների բռնությունների ու խոշտանգումների մասին։ Վերջին շրջանում խոշտանգման աղմկահարույց դեպքը թերսև ակտիվիստ Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածն էր։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո նա ձերբակալվել էր և, ըստ փաստաբանի, ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին՝ գտնվելով ոստիկանների վերահսկողության ներքո, ծեծի էր ենթարկվել։

Իշխանության ներկայացուցիչներից ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգություններին ի պատասխան  հայտարարում է բոլոր դեպքերը քննելու անհրաժեշտության մասին։ Նա կարծում է, որ ոստիկանությունը գործում է իր լիազորությունների շրջանակներում։

Փաշինյանի թիմակցի այս առաջարկն անընդունելի են համարում իրավապաշտպանները՝ հայտարարելով, որ ոստիկանությունն օբյեկտիվ չի կարող ուսումնասիրել՝ իր ծառայողը օրենք խախտել է, թե՝ ոչ։ Նշենք, որ, երբ խոշտանգվեց ակտիվիստ Սամվել Վարդանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը հերքեց բռնության կիրառումն, այդպիսով, ըստ էության, ազդեցություն ունենալով ծառայողական քննության եզրակացության վրա։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում ոստիկանության գործողությունները որակում է «կատաստրոֆիկ»՝ շեշտելով, որ «համատարած բռնություններ և խոշտանգումներ են»։

«Ակնհայտ է, որ քաղաքական ղեկավարության կողմից թողտվություն կա։ Ինչու եմ ասում թողտվություն կա, որովհետեև, եթե դա միայն ոստիկանության խնդիրը լիներ, այսինքն՝ պարզվեր, որ ոստիկանությունում արտավոր երևույթ կա, խոշտանգում են, ապա Քննչական կոմիտեն պետք է դրա դեմն առներ։ Բայց ՔԿ-ն խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիան խախտում է և Սամվել Վարդանյանի դեպքը, որ ամենաաղմկահորույցներից էր, քրեական վարույթ նախաձեռնվում է երեք օր անց և դանդաղկոտություն է ցուցաբերվում։ Ակնհայտ է, որ ջանասիրություն չեն ցուցաբերում, որ բացահայտեն մեղավորներին և պատժեն։ Դրանով է պայմանավորված, որ ես պնդում եմ, որ սա քաղաքական իշխանությունների խնդիրն է, բոլոր պետական կառույցներն են օժանդակում խոշտանգումների անպատժելի ընթացքին»,-ասաց փաստաբանը։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest