«Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին և հարյուրի հասնող այլ անդամների և համակիրների քիչ առաջ Ոստիկանությունն ուժով բերման ենթարկեց Երևանի կենտրոնից»,- այս մասին հայտնում էԱԺԲ մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանը՝ ընդգծելով՝ աննախադեպ ուժ է կիրառվել ոստիկանների կողմից։
«Հստակ միտում կար բռնություն գործադրելու, քանի որ սովորական չէին մոտենում և բերման ենթարկում։ Նախ գցում էին գետնին, հարվածներ հասցնում, թևերը և վիզը ոլորելով նստեցնում ոստիկանական մեքենաներ։ Նախնական տեղեկություններ ենք ստացել, որ սրանով չեն սահմանափակվել, բռնությունը շարունակվել է նաև ոստիկանական բաժիններում, հատկապես Կենտրոնի բաժանմունքում, որտեղ ծեծի են ենթարկվել Վոլոդյա Ավետիսյանը, Արթուր Մարգարյանը և սարկավագ Խաչատուր Եփրեմյանը»,- նշեց Մկրտչյանը։
Ազգային ժողովրդավարական բևեռն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով, ինչից հետո փորձել երթ անցկացնել, որը, սակայն, չի հաջողվել: Մեծ թվով ոստիկանական ուժերը ցրել են երթը՝ ուժի գործադրմամբ բերման ենթարկելով քաղաքացիներին։ Մկրտչյանի փոխանցմամբ՝ այս պահին փաստաբաններ և իրավապաշտպանների խումբ է մեկնել ոստիկանության այն բաժանմունքներ, որտեղ տարվել են ցուցարարները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: