«Այսօր մենք դադար ենք առնում՝ հիշելու Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը, և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը», — հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
«Դաժանության արշավը սկիզբ առավ 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում կալանավորեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին: Հաջորդած օրերին, ամիսներին ու տարիներին մեկևկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան՝ ընդմիշտ կոտրված թողնելով ընտանիքներն ու հավերժ փոխված՝ սերունդները», — ասված է ուղերձում, որ հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:
«Սգալով այս ողբերգությունը՝ մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդի տոկունությանը: Մարդկային պատմության ամենամռայլ գլուխներից մեկը վերապրելուց հետո, փրկվածները սկսեցին կռել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար: Խիզախորեն և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք ուժեղացրին պետություններն աշխարհով մեկ, այդ թվում՝ մերը: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ ապահովելու համար, որ 109 տարի առաջ այս օրը սկիզբ առած զանգվածային վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն», — հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահը:
«Դա մնում է մեր հանդիսավոր ուխտը: Այսօր, և ամեն օր, Միացյալ Նահանգները պաշտպան է կանգնելու մարդու իրավունքներին և հանդես է գալու ընդդեմ անհանդուրժողականության: Մենք շարունակելու ենք ատելությունն ու սարսափը դիմագրավել հույսով և ապաքինմամբ: Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց կողքին, ովքեր հետամուտ են լինում ապագայի, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատիվ, անվտանգ և հարգված», — ասված է Ջո Բայդենի ուղերձում:
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում գործադրված Հայոց ցեղասպանության շուրջ մեկուկես միլիոն զոհերի հիշատակի օրն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ: Թուրքիան այն հերքում է:
Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչել է թե՛ նախագահի, թե՛ Կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: