Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար. Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի, եւ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա։

Բայց մենք նաև արձանագրում ենք, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում, որ այդ մարդիկ իրենց տներում ապրեն, ընտանիքներ ձևավորեն, երեխաներ ունենան առանց անվտանգային մտավախությունների։

Ահա, սա այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության։ Եվ ճիշտ է, այս հատվածում մենք տեղային հարցի շուրջ ենք պայմանավորվել, բայց այս տեղային հարցի շուրջ պայմանավորվածությունների իրագործման որակն ավելացնելու կամ նվազեցնելու է հավատը խաղաղության օրակարգի և խաղաղության հնարավորության նկատմամբ։

Ես հավատում եմ, որ ավելացնելու է հավատը խաղաղության նկատմամբ՝ և Հայաստանի հանրության, և Ադրբեջանի հանրության շրջանում, և ի վերջո նաև վստահության որոշակի պաշար է կուտակելու։ Եկեք արձանագրենք, որ խորը անվստահություն կա: Նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին, որոնք փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել, որին խնամքով վերաբերվելու դեպքում դա կարող է զարգանալ, խնամքով չվերաբերվելու դեպքում կարող է փլուզվել։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը»,- հայտարարել է Փաշինյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest