Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել:
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝
- Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի 2 Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ։
- Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:
Նշենք, որ 9 հոգանոց աշխատանքային խումբը կղեկավարի մարզպետ Հայկ Ղալումյանը: Խմբի կազմում են Նոյեմբերյանի, Իջեւանի, Բաղանիսի, Բերքաբերի, Կիրանցի, Ոսկեպարի գյուղապետերը, նաեւ Ոսկեպարի բնակիչ Սերոբ Մախսուդյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: