Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ահազանգում է ձերբակալված Սամվել Վարդանյանին նվաստացնելով՝ ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ենթարկելու մասին։ Հիշեցնենք՝ Սամվելն այն քաղաքացին է, որը հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ուղղված։
Համացանցում միջադեպից հոլովակ էր տարածվել, որից հետո իրավապահները քննչական գործողություն սկսեցին։ Սամվել Վարդանյանը ձերբակալվեց։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ահազանգում է, որ իր պաշտպանյալը բռնությունների է ենթարկվել ոստիկանությունից ՁՊՎ տեղափոխելու ընթացքում։
«Ամբողջությամբ սև հագած դիմակավորված անձինք մեքենայից նրան դուրս են հանել՝ մի քանի մետր այն կողմ են տարել՝ խոտերի մեջ, նրան չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Ըստ երևույթի՝ ճակատի ուռած մասը հենց այդ մասից է եղել։ Սկսում են ձեռքերով հարվածել։ Ամբողջ ընթացքում այդ գործընթացը ուղեկցվել է սեռական բնույթի հայհոյանքներով՝ վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները պահանջելեն Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները։ Բնականաբար նա հրաժարվել է։ Թքել են նրա վրա։ Այնուհետև՝ նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել են՝ փայտը կամ դուբինկան դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում, ուրիշ գործողություն չեն արելի, իհարկե, բայց պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել»,-հայտարարել է փաստաբանը։
Ուշագրավ է, որ Սամվելը եղել է ձեռնաշղթաներով՝ առանց պաշտպանվելու հնարավորության, իսկ ոստիկանները նրան միայնակ էին թողել՝ բնական կարիքները հոգալու պատրվակով։
«Այսուհետ պիտի իմանանք, որ ոստիկանության բերման ենթարկելը ուղեկցվելու է նաև դիմակավորված բանդիտական խմբերի ուղեկցությամբ, ՔՊ-ական հաշվեհարդարով։ Այսպիսի բանդիտական խմբերի մասին մեզ հայտնի է դարձել մարտիմեկյան դեպքերի ժամանակ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ Փաստորեն, ներկա իշխանությունը գործում է նույն մեթոդներով։ Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա»,-դեպքի առնչությամբ նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Մեկ այլ իրավապաշտպան՝ Նինա Կարապետյանցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երիտասարդը գտնվում էր ոստիկանների պատասխանատվության ներքո, և սա խոսում է երկու բանի մասին․ «կամ ոստիկանությունը տոտալ անձեռնահաս է ու ի վիճակի չէ ապահովել իր ենթակայությամբ գտնվող քաղաքացիների անվտանգությունը, կամ հանցակից է այն գործընթացների, որոնք որ տեղի են ունեցել»,-ասում է Նինա Կարապետյանցը՝ շեշտելով, որ տեղի ունեցածն անբարոյականություն է։
«Եթե դու համաձայն չես որևէ մեկի հետ, դա պետք է այլ ձևով արտահայտես, անգամ, եթե պատիվ ես պահանջում, դա էլ պետք է ձև ունենա։ Եթե դու պատիվ ես պահանջում, բայց գալիս ես դիմակավորված, այդպես ես պատիվդ պահանջում, նշանակում է, որ դու չգիտես, թե որտեղ է պատիվը սկսվում և ավարտվում։ Ծեծի ենթարկողները սխալ են գործել, թե իրավական առումով, որովհետեև դա հնացավոր գործողություն է, թե տղայական առումով, թե տարբեր ենթամշակույթների առումով իրենք սխալ են և անբարոյական։ Իրենց հրահանգ տվողն էլ է անբարոյական»,-ասում է Նինա Կարապետյանցը։
Նշենք, որ Սամվել Վարդանյանի փաստաբանի ահազանգը հնչեց Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումից հետո։ Նա, մասնավորապես, ավտոբուսում տեղի ունեցած դեպքից հետո գրել էր․ «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:
Հիշեցնենք՝ մոտ մեկ տարի առաջ էր Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա և որևէ իրավական ու քաղաքական պատասխանատվության չէր ենթարկվել։ Ավելին՝ հրահանգել էր անվտանգության աշխատակիցներին, որ բռնեն այդ քաղաքացու ձեռքերը, որպեսզի ինքը հեշտությամբ թքի նրա վրա։
«Ալեն Սիմոնյանը մեկն է այն անձանցից, ովքեր, որ մարդու վրա թքելու ավանդույթը դրել ու անպատիժ է մնացել, դա փաստ է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը դա արդարացրել է, դա փաստ է։ Այն, որ ՄԻՊ-ի ընտրության ժամանակ ականջները կտրելու, ստորացնելու, նվաստացնելու, վիրավորելու ավանդույթը դրել են հատկապես ՔՊ-ականները։ Նրանք այնքան սրիկա են և ստոր, որ թաքնվում են ժողովրդավարության դիմակի տակ»,-ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Ես ոչ մի տեսակի բռնություն էլ չեմ ընդունում»,-այսպես է արձագանքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն՝ անդրադառնալով հարցին, թե իր հետ կապված միջադեպի մասնակից երիտասարդին բանդայի անդամները բռնության են ենթարկել։
«Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է տան բոլոր նրանք, ովքեր դա կատարել են և, երբ կբռնվեն և օրենքի առաջ կկանգնեն։ Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի հետ վիճաբանությունից հետո, ըստ փաստաբանների, դիմակավորված անձանց կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով`խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն հրահրող հրապարակային խոսքի հոդվածներով, չնայած ի սկզբանե քրեական վարույթը խուլիգանության հոդվածով էր նախաձեռնվել։ Իսկ դիմակավորված անձանց կիրառած բռնության ահազանգը ՔԿ-ն ուսումնասիրում է, վարույթ հարուցված չէ։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: