Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանը ներկայացնող դատավորի ընտրությանը մեր երկիրը պատրաստվում է դեռ նախորդ տարվանից։ Իսկ ընտրության անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ավարտվում է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնավարման ժամկետը 9 տարի է։

Սկզբում ձևավորվեց մրցութային հանձնաժողովը, այնուհետև հայտարարվեց թեկնածուների ընտրության մրցույթ։

Հանձնաժողովի կազմում են ՍԴ նախագահը, ԲԴԽ նախագահը, Արդարադատության նախարարը, ԱԳ նախարարը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ նախագահի ներկայացուցիչը, Փաստաբանների պալատի նախագահը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահը։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի համաձայն,  Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուի հավակնորդը կարող է լինել 65 տարին չլրացած վերջին 10 տարում միայն Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին։

Դատավորների թեկնածուների ընտրությունն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթային ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի: Փաստաթղթային ստուգման փուլն անցել է 7 թեկնածու՝ ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը, փաստաբան Հայկ Ալումյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Մարգարյանը, դատավորներ Նորա Կարապետյանը, Լիզա Գրիգորյանը և սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հարցազրույցն ընթանում է երեք մասով՝ անձնական հատկանիշների, ինչպես նաև մասնագիտական փորձառության ստուգում (առավելագույնը՝ 30 միավոր), մասնագիտական որակների ստուգում (առավելագույնը՝ 50 միավոր), լեզվական կարողությունների ստուգում (առավելագույնը՝ 20 միավոր)։ Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորն է 100-ը:

ՄԻԵԴ դատավորի հավակնորդների հարցազրույցի փուլը արդեն կայացել է՝ երկու օրում «հարցաքննվել են» բոլոր թեկնածուները։  Ըստ տարբեր գնահատականների, թեկնածուների միջև հիմնական մրցակցությունն ընթանում է փաստաբան Հայկ Ալումյանի և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջև․ կա տեսակետ, որ վերջինն էլ հենց իշխանության համար ցանկալի թեկնածուն է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում։ Ի դեպ, Վահե Գրիգորյանի պայքարը այս պաշտոնի համար երկար պատմություն ունի։ Նա 9 տարի առաջ՝ 2015-ին կայացած ՄԻԵԴ դատավորի ընտրության մրցույթին էր մասնակցել ու հաջողության չէր հասել՝ չանցնելով եզրափակիչ փուլ։

Հայկ Ալումյանը քաղաքական խոշոր գործերից մեկով՝ «Մարտի 1»-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն էր դատարանում և ընդդիմացել է գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ, հանդես եկել նրանց նկատմամբ քննադատական ելույթներով։ Այս հանգամանքն էլ հաշվի առնելով հարցազրույցի ժամանակ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ալումյանից փորձել էր հստակեցնել՝ 2008 թվականի մարտի 1-ին ինչ որ կատարվեց, դրա մեղավորն իշխանությո՞ւնն էր։ Ի պատասխան, սակայն, Ալումյանը չէր պատասխանել հարցին՝ նշելով, որ այն քաղաքական կոմպոնենտ ունի։

Այդուհանդերձ, Ալումյանը որևէ վերապահումներ չի հայտնել մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ, ավելին, ընդգծել է, որ քիչ հավանական է, որ անարդար մոտեցումներ լինեն։ «Մենք՝ թեկնածուներս, ովքեր մասնակցում ենք այս մրցույթին, այնպիսի մարդիկ ենք, որոնց իրավունքները հնարավոր կլինի խախտել։ Այդ թվում՝ իմ իրավունքները։ Ես ինքս իմ իրավունքները կարող եմ պաշտպանել, եթե տեսնեմ, որ ընթացքը կամ գնահատման արդյունքները արդար չեն եղել։ Ամեն դեպքում, այդպիսի կանխատեսումներ չունեմ», -հայտարարել է Ալումյանը։

Ի տարբերություն Ալումյանի, Վահե Գրիգորյանը խոսել է «Մարտի 1-ի» գործից՝ ասելով, որ այդ գործն իր համար ամենաբարդ գործն է եղել․«Ամենաբարդ գործն ինձ համար եղել է «Մարտի 1»-ի 9 զոհերի գործը։ Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն իրենց մեջ ներառել են նաև ընդհանրապես ԵԴ իրավունքի զարգացման առաջարկություն՝ երկրորդ հոդվածի ներքո, որ տեխնոլոգիական զարգացումը մեր դարում հասել է մի աստիճանի, որ մարտական միջոցներն ամենևին անհրաժեշտ չեն առհասարակ։ Այն ժամանակ, երբ ես այդ գործը ներկայացնում էի, բավականին հիմնավորումներով դատարանին խնդրել էինք, որ դատարանը հաշվի առնի և արգելք դնի մարտական միջոցների գործադրման նկատմամբ՝ ոստիկանության գործողությունների ընթացքում և խոսքը չի վերաբերում հատուկ իրավիճակում, օրինակ, ահաբեկչության իրավիճակներում անտրամաբանական կարող է լինել այդ արգելքը, բայց մարտական միջոցների կիրառումը որևէ պատճառաբանություն և արդարացում չի ունեցել, համաչափության սկզբունքի հետ որևէ համատեղելիություն չուներ»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հետաքրքրված չէ ԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության գործընթացով։ Forrights.am-ի հետ զրույցում նա հրաժարվեց որևէ գնահատական հայտնել՝ ընդգծելով․ «Ես ինձ հեռու եմ ուզում պահել այդ գործընթացից, անհրաժեշտություն չեմ տեսնում հետաքրքրվելու»։

Հարցազրույցի փուլի արդյունքների մասին կհրապարակվի ապրիլի 16-ին։ Այս փուլը հաղթահարած 3 թեկնածուների ցուցակը կներկայացվի ՀՀ վարչապետին։ Վերջինը իր հերթին հաստատում է թեկնածուների ցուցակը, ինչից հետո այդ թեկնածուների ինքնակենսագրականները, ինչպես նաև թեկնածուների ընտրության ներպետական կարգը Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Եվրոպական դատարանում դատավորի թեկնածուների ընտրության խորհրդատվական հանձնաժողովին։ Թեկնածուների ցուցակը ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, Եվրոպական դատարանում դատավորի թեկնածուների ընտրության խորհրդատվական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո, ներկայացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական հանձնաժողովի կողմից ցուցակում ընդգրկված որևէ թեկնածուի վերաբերյալ բացասական եզրակացություն տալու կամ Խորհրդարանական վեհաժողովի կողմից ցուցակը ոչ ընթացակարգային հիմքով մերժելու դեպքում 50 միավոր և ավելի ստացած հավակնորդը կարող է Հանձնաժողովի կողմից ընդգրկվել նոր Ցուցակում, որն ընդհանուր հիմունքներով ներկայացվում է հաստատման:

 

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest