«Մեր տան ուղղությամբ ադրբեջանական պոստն է»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Մովսես գյուղի 64-ամյա բնակիչ Վասպուրն ու հերթով ցույց տալիս, թե ադրբեջանական կողմի կրակոցները ինչ վնասներ են հասցրել իր տանը։
Բեկորների հարվածներից տան պատի վրա բազմաթիվ անցքեր են բացվել, վնասվել է սանհանգույցի ներսի պատը, անգամ փոսեր են առաջացել տան բակում։
«Մեր տունը դիրքերից երևում է, կրակել են, եկել այստեղ է հասել»,-ցույց տալով սանհանգույցի պատն ասում է Վասակը և շարունակում․ «Թե քանի անցք է բացվել, սկի խաբար չեմ»։ Նրանց բակից ադրբեջանական դիրքերը պարզ են երևում․ «Էն վերջի սարն է»,-ցույց տալով երևացող բլուրն ասում է նա։
Վասակը գյուղում կնոջ՝ Կարինեի հետ է ապրում։ Երեխաները Մովսեսից հեռացել են՝ աշխատանք չլինելու պատճառով։ Տիկին Կարինեն է լսել պայթյունի ձայները։ «Ձայներից արթնացանք, բայց դուրս չեկանք, չգիտեինք, որ մեր տանն են կրակում, առաջին անգամը չէ, որ կրակոցներ էինք լսում։ Ավտոմատով, որ կրակում էին տան վրայով էր անցնում, այս անգամ ներքևից են կրակել»։
Այդ գիշեր տիկին Կարինեի քունը կորել էր, ասում է՝ ինչ-որ զգացողություն ուներ։ «Չէի քնում, մի պահ աչքս կպավ, մեկ էլ ուժեղ դմփոց լսեցի։ Ես այդ աստիճանի դմփոց լսացած չէի։ Հետո տեսանք, որ մեր բաղնիքում լրիվ շաղ տված է, եթե այնտեղ լինեինք, մեզ էլ կկպներ։ Մենք գիտեինք, թե այդ տեղն ապահով է»,-ասում է տիկին Կարինեն ու շեշտում՝ չի վախենում, բայց չի էլ պատկերացնում, որ թշնամու հետ երկարատև խաղաղություն հնարավոր կլինի հաստատել։ Նա միայն մի բանում է վստահ․ «Մնալու ենք մեր գյուղում, դա կարող եմ ասել, այսքանը»։
Մովսեսում հիշում են, որ 2020 թվականի տավուշյան մարտերից հետո կրակոցներ գրեթե չեն եղել։ «Մի երկու-երեք տարի է՝ կրակոց չկա»,-ասում է Վասակը, իսկ հարևանը շարունակում է․ «Ինչ Փաշինյանը գնաց Բրյուսել ժողովի, կրակեցին»,- Վասակը չի պնդում, որ այս կրակոցների պատճառն աշխարհաքաղաքական զարգացումներն են։ «Ես չեմ հետևում հանդիպումներին, հազիվ իմ գործն եմ անում»։
Վասակը անասնապահությամբ և հողագործությամբ է զբաղվում։ Կրակոցները պլաններում ոչինչ չեն փոխել, շարունակում է իր առօրյա կյանքով ապրել։ Վնասի չափերն էլ զբաղվածության պատճառով չի հաշվել։ Ասում է՝ պետությունից փոխհատուցում չի ուզում, միայն մեկ ակնկալիք ունի։ «Ես ասել եմ ինձ փոխհատուցում պետք չի, մի 10 աանգամ ավել էլ ես կտամ, միայն թե խաղաղություն լինի»,-հույս է հայտնում սահմանապահ գյուղի բնակիչը, որ առաջիկայում խաղաղություն է լինելու։
Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է Հայաստանին խաղաղություն բերել։ Վասակը քաղաքական թեմաներին, իշխանություն-ընդդիմություն վեճերին միջամտելու ցանկություն չունի, կողմնակից է յուրաքանչյուրին, ով ջանք չի խնայում խաղաղության համար։ «Ես քաղաքականությանը չեմ խառնվում։ Մենք միայն խաղաղության կարիք ունենք։ Մենք կարանք ապրենք, մեր գյուղի ժողովուրդն աշխատող է, միայն խաղաղություն լինի»։
Մովսես գյուղի վարելահողեր, այգիներ, արոտավայրեր օկուպացված է թշնամու կողմից արդեն երեսուն տարուց ավելի։ Բնակիչները ցանկանում են այն մշակել, ապրուստի միջոց գտնել, որ երեխաները մեծանալուց հետո երիտասարդների նման արտագաղթի ճանապարհը չբռնեն։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։