Հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում միջադեպ է տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ մանրամասնելով, որ ՀՀ քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
ԱԱԾ-ն հաղորդում է, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը ևս ՀՀ տարածքում է:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի: ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը հայտարարում են՝ պատրաստ են Ադրբեջանի Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության:
«Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն», — ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Բաքուն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 15:20-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերը Հայաստանի Ներքին Խնձորեսկ գյուղից երկու անձի՝ «պետական սահմանի խախտում են նկատել», ովքեր անասուններին տեղափոխելիս են եղել։ Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը նշել էր, թե ադրբեջանցի զինվորական է վիրավորվել, «հայկական կողմի բացած կրակոցի» հետևանքով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: